Մենք համարում ենք սահմանադրության հանրաքվեն կայացած, որի արդյունքում ունենք նոր Սահմանադրություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորն ասաց, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցկացվել է հին ընտրական համակարգի բոլոր թերություններով հանդերձ, ինչը պետք է արմատապես փոխվի նոր Սահմանադրության շնորհիվ: «Արդյունքների նկատմամբ մոտեցումը գալիս է ընտրական համակարգի նկատմամբ անվստահությունից, որը տարիների ընթացքում կուտակվել է»,- հավելեց նա:
«Իհարկե, հանրաքվեն տվել է նաև այնպիսի արդյունքներ, որ շատ լուրջ ուսումնասիրության կարիք կա: Այն պատկառելի քանակը, որ «Ոչ»-ն է արձանագրել, խորհելու տեղիք է տալիս, բայց դա նաև համահունչ է քարոզարշավի ընթացքում մեր ունեցած տպավորությանը, երբ մարդիկ «ոչ»-ով իշխանության վարած քաղաքականությանն են դեմ արտահայտվում»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:







































