«Աստղային պատերազմներ» հանրահայտ կինոասքի ստեղծող, ռեժիսոր Ջորջ Լուկասը, դեկտեմբերի 6-ին ստացել է Ջոն Քենեդու անվան Կատարողական արվեստների կենտրոնի հեղինակավոր պարգևը: Նրա հետ մեկտեղ մրցանակի դափնեկիրներ են դարձել նաև բրոդվեյյան դերասանուհի և երգչուհի Ռիտա Մորենոն, ամերիկացի հայտնի դերասանուհի Սիսելի Թայսոնը, հանրահայտ կատարող և կոմպոզիտոր Քերոլ Քինգը և ճապոնացի նշանավոր դիրիժոր Սեյձի Օձավան։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նախքան պարգևատրման արարողությունը դափնեկիրներին Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Բուն միջոցառմանը պետության ղեկավարը ուշացումով էր ժամանել այն պատճառով, որ հանդես է եկել ազգին հղված ուղերձով, որում արծարծել Է ահաբեկչությանը դիմակայելու և ազգային անվտանգությունն ապահովելու հարցերը:
Արարողությունը չի հեռարձակվել ուղիղ եթերով։ Այն ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրելու են դեկտեմբերի 29-ին։










































