«Ընտրությունների մասնակիցների զգալի մասը աղոտ պատկերացում ունի, թե ինչի մասին է խոսքը: Ընտրողների 30 տոկոսը գաղափար չունի Սահմանադրության էության մասին, մարզերում ապրողների՝ 40 տոկոսը,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ բնակչության ակտիվ զանգվածի կեսը պահպանողական է, դեմ է ցանկացած փոփոխության. «Դրա համար իշխանության մի մասը քվեարկելու է դեմ, ընդդիմության մի մասը, որը ակնկալում է փոփոխությունների դրական ազդեցություն, քվեարկելու է կողմ: Այստեղ պայքարը չի գնում իշխանական ուժերի և ընդդիմության մեջ, այլ կողմնակիցների և դիմակիցների միջև: Եթե լիներ զուտ կուսակցական պայքար, Հանրապետականը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ծածկում են ընտրողների ¾-ը, այսինքն՝ անցնելը պրոբլեմ չէր լինի: Սյունիքը, Կոտայքը, Վայոց ձորը, որտեղ կան աշխատատեղեր, մարդիկ կողմ են փոփոխություններին՝ ակնկալելով, որ դա կարող է լավ լինել: Իսկ որտեղ ծանր է սոցիալական վիճակը, օրինակ՝ Շիրակում, Լոռիում, կողմնակիցներն ավելի քիչ են, բայց չկողմնորոշվածներն են շատ:
Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ՝ քանի որ սոցիալական վիճակի ստվերը բավականին մեծ է, մարդիկ գնալու են ընտրության ոչ թե արտահայտելու իրենց վերաբերմունքը Սահմանադրությանը, այլ արտահայտելու կա՛մ դժգոհություն, կա՛մ դրական գնահատականներ. «Կարևոր է, թե որքանով քարոզիչները դեր կխաղան:
Ընտանիքների 25 տոկոսի հայրը տանը չէ, դրսում փող է աշխատում, մեր ընտրողների մեծ մասը կանայք են, որոնց մեծ մասը տնային տնտեսուհիներ են և սերիալներից այն կողմ ուրիշ բանով չեն հետաքրքրվում: Թե նրանք ում ազդեցության տակ կքվեարկեն, դա հարց է: Սա մի խճանկար է, և ամեն մի բնակավայրում իրավիճակը շատ յուրօրինակ է: 50 000 մարդ է մասնակցում քվեարկության, այնքան զարմանալի բաներ կարող են կատարվել, կարող են հիվանդին բերել, մեռածին բերել»:
Ա. Ադիբեկյանը տեղեկացրեց, որ 915 համայնքներից 865-ում ղեկավարները ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ ներկայացուցիչներն են, մոտ՝ 725 հանրապետականներն են, 70-ը՝ ԲՀԿ-ական, մոտ 30 կամ 35-ը՝ դաշնակցական:
Անդրադառնալով ՀՅԴ-ի ներդրմանը այս հանրաքվեին՝ Ա. Ադիբեկյանը համեմատություն կատարեց, հիշելով անեկդոտ, և նշեց. «Նապաստակի ներդրումը կարող է լինել փոքր, բայց վճռորոշ» :
Մանրամասները՝ տեսանյութում:










































