ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելի համար վտանգավոր է համարում Պաղեստինյան ինքնավարության իշխանական կառույցների կործանումը՝ գրում է RIA Novosti-ն:
«Գոյություն ունեն իրավաչափ հարցեր՝ կապված այն բանի հետ, թե որքան երկար կապրի Պաղեստինյան ինքնավարությունը, եթե ներկայիս իրադրությունը պահպանվի»,- ասել է նա Վաշինգտոնում ամերիկա-իսրայելական ֆորումի ժամանակ:
Պետքարտուղարը հիշեցրել է, որ այժմ հենց պաղեստինյան ուժերն են պահում կարգուկանոնը Հորդանան գետի Արևմտյան ափին: Նա նաև նշել է, որ առանց ինքնավարության իշխանությունների հետ համագործակցության Իսրայելը ստիպված կլինի միայնակ որոշել սոցիալական վճարումների հարցը տարածաշրջանում և զբաղվել շատ այլ խնդիրներով:
«Ինչպե՞ս Իսրայելը կկարողանա համարվել հրեական և ժողովրդավարական պետություն, եթե Հորդանան գետից մինչև ծով տարածքում հրեական բնակչությունը մեծամասնություն չկազմի: Արդյոք միլիոնավոր պաղեստինցիներ կունենա՞ն նույն իրավունքները, ինչ Իսրայելի քաղաքացիները, այդ թվում՝ ձայնի իրավունք»,- հռետորական հարցեր է ուղղել ԱՄՆ պետքարտուղարը:








































