Պուտինը նորից հրահանգել է գործի դնել քարոզչական մեքենան՝ Die Welt-ում գրում է Ռիչարդ Հերցինգերը: Այս անգամ Պուտինի թիրախում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որին նա մեղադրում է ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ: Խնդիրն այն է, որ այս անգամ Կրեմլը ստում է, թեպետ ճշմարտություն է ասում:
«Այն, որ Թուրքիան «չափավոր» իսլամիստ Էրդողանի ղեկավարությամբ կասկածելի կապերի մեջ է ջիհադիստների հետ՝ տեղեկացված, ժամանակակից մարդու համար գաղտնիք չէ,- գրում է հոդվածագիրը: – Սակայն կա մի բան, որի մասին Պուտինը լռում է. ԴԱԻՇ-ից գնված նավթից ավելի մեծ շահույթ ունի Ասադի ռեժիմը, որին Պուտինն օգնում է պահպանել իշխանությունը: Եթե չլիներ ԴԱԻՇ-ը, որը փաստորեն դաշինք կնքելով Ասադի զորքերի հետ, հարված հասցրեց սիրիացի ապստամբներին, ապա Ասադի ռեժիմը գոյություն չէր ունենա մինչև հիմա»:
Այս հանգամանքը, սակայն, խլացվում է ռուսական հզոր քարոզչական մեքենայի աղմուկի մեջ: Պուտինը Էրդողանին «նեղը գցելու» և նույնիսկ ծնկի բերելու փայլուն հնարավորություններ ունի: Հատկապես, որ Պուտինը քարոզչությունը զուգակցում է տնտեսական պատժամիջոցների հետ: Նա գիտի, որ Էրդողանի դիրքը, ավելի քան իրենը, կախված է Թուրքիայի տնտեսական բարեկեցությունից:
ՆԱՏՕ-ի թույլ կողմը
Հոդվածի հեղինակը համոզված է, որ Ռուսաստանին հասցված «վիրավորանքի» համար վրեժ լուծելը չէ միայն Պուտինին ստիպում հակամարտության մեջ մտնել Էրդողանի հետ, որին նա չափազանց նման է իր ղեկավարման ոճով:
Թուրքիայի միջոցով Պուտինը ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ի թույլ կողմին: Արևմտյան դաշինքն արդեն վաղուց է կանգնած Թուրքիայի վարած կրոնա-ազգային քաղաքական կուրսը սեփական արժեքներին հարմարեցնելու խնդրի առջև: Էրդողանին իր տեղը ցույց տալու պահանջը առաջ եկավ դեռ այն ժամանակ, երբ նա բացահայտ արտահայտեց իր ատելությունը Իսրայելի հանդեպ և սկսեց աջակցել ՀԱՄԱՍ-ին:
Իսկ այժմ Արևմուտքը ստիպված է սեփական շահերից ելնելով իր պաշտպանության տակ առնել թշնամի պետության դեմ դուրս եկած գործընկերոջը: Եվ դա այն ժամանակ, երբ արևմտյան երկրները մտադիր են նույն այդ թշնամի պետության հետ բարելավել իրենց հարաբերությունները Սիրիայի հարցով: Այդ իրավիճակում Պուտինի ռազմավարությունը, որը հիմնականում նպատակաուղղված է սեպ խրելու ՆԱՏՕ-ի շարքերում՝ դրանով իսկ թուլացնելով նրան, նոր՝ վտանգավոր ազդակ է ստանում:







































