Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Սան Բեռնարդինո քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ) տեղի ունեցած կրակոցները, որոնց հետևանքով զոհվեց 14 մարդ, ենթադրաբար կազմակերպել են ԴԱԻՇ-ի երկու զինյալներ։
Խոսքը Սայեդ Ռիզվան Ֆարուքի ու նրա կին Տաշֆին Մալիքի մասին է, որոնք երկու ինքնաձիգներով ու երկու ատրճանակներով զինված չորեքշաբթի Սան Բեռնարդինոյում սպանել են 14 և վիրավորել են 21 մարդու։ Մի քանի ժամ անց ոստիկանությունը վերացրել է նրանց երկուսին էլ, որոնք կրակոցներից հետո դեպքի վայրից փախուստի էին դիմել։
Ոստիկանությունը չի բացառել, որ Ֆարուքն ու Մալիքը հարձակումներ են իրականացրել ծայրահեղական համոզմունքներից ելնելով։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչը հայտարարել է, որ Կալիֆոռնիայի կրակոցները որակվում են որպես ահաբեկչություն։ Դրանից առաջ FBI-ն հայտարարել էր, որ ստույգ տվյալներ չունի կրակոցներին ԴԱԻՇ-ի զինյալների մասնակցության մասին։
ԴԱԻՇ-ն իր հերթին հայտարարել է, որ ստանձնում է Կալիֆոռնիայի ահաբեկչության պատասխանատվությունը։







































