Ռուսաստանը պատրաստ է ընդհատել Թուրքիայի հետ համատեղ բիզնես-նախագծերը և հրաժարվել ռազմական համագործակցությունից ռուսական «Սու-24» ռմբակոծիչի հետ կապված դեպքի պատճառով: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ՌԴ պետական կառույցներում բարձրաստիճան աղբյուրներին:
Նախագահի վարչակազմում պարբերականի աղբյուրն ասել է, որ Անկարայի նկատմամբ որոշումները «կոշտ» կլինեն և լուրջ ազդեցություն կունենան ռուս-թուրքական հարաբերությունների վրա շատ ոլորտներում: Մասնավորապես, նրա խոսքով, «Գազպրոմը» կգնահատի «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրականացումը շարունակելու նպատակահարմարությունը:
Բացի դրանից՝ կարող է վտանգվել երկու երկրների միջև խոշորագույն էներգետիկ պայմանագիրը՝ «Ռոսատոմի» կողմից Թուրքիայում «Ակույու» առաջին ԱԷԿ-ի կառուցման մասին: Գործարքի արժեքը գնահատվում է 22 մլրդ դոլար:
Իր հերթին, Թուրքիան, ինչպես նշում է պարբերականը, կարող է սահմանափակել ռուսական նավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, ինչը կանդրադառնա, մասնավորապես, Սիրիայում Խմեյմիմ ավիաբազայի մատակարարման վրա: Սակայն 1936թ. Մոնտրեի կոնվենցիայի համաձայն, որը կարգավորում է նեղուցներով անցնելու ռեժիմը, այդ քայլին Անկարան կարող է գնալ միայն այն դեպքում, եթե համարի, որ իրեն պատերազմ է սպառնում: Միևնույն ժամանակ, նույնիսկ այդ դեպքում առևտրային նավարկության ազատությունը կպահպանվի, թեև որոշակի սահմանափակումներով: Թուրքիան ամբողջական արգելք կարող է սահմանել միայն այն դեպքում, եթե ինքը պատերազմի մեջ մտնի:




































