Ռուսաստանը պատերազմ չի հայտարարի Թուրքիային ռուսական Սու-24 օդանավը խոցելու համար, բայց անհամաչափ պատասխան կտա նրան։
Այս կարծիքին է ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը։ Քաղաքագետը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով այսօր թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, ռուսական ինքնաթիռի խոցումը գնահատեց որպես ագրեսիվ, ոչ ադեկվատ գործողություն թուրքերի կողմից։ Կոլերովի կարծիքով՝ ինքնաթիռը խոցելու նպատակն էր, նախ՝ Ռուսաստանին խանգարել իրագործելու օպերացիան Սիրիայում, երկրորդը՝ օգնել ԱՄՆ-ին վերադառնալ սիրիական հակամարտություն միջնորդի կարգավիճակով։
Քաղաքագետը նաև նշել է, որ Թուրքիան չի կարող ռուս-թուրքական հակամարտությունը տեղափոխել հայ-թուրքական սահման, որովհետև կենտրոնական իշխանությունն այն չի վերահսկում։
– Ի՞նչ հնարավոր հետևանքներ կունենա այս միջադեպը։
– Հետևանքներն իհարկե պատահարից անմիջապես հետո չեն լինի, բայց մոտակա հեռանկարում դրանք շատ տհաճ հետևանքներ կլինեն Թուրիքիայի իշխող ռեժիմի համար։ Ավելի կոնկրետ՝ Էրդողանը, որն անձամբ իր վրա է վերցրել այդ ագրեսիվ գործողության պատասխանատվությունը, արդեն իսկ կորցրել է Ռուսաստանի և Պուտինի վստահությունը։
– Այսինքն ռուսական օդանավն այնուամենայնիվ հատե՞լ է թուրքական սահմանը։ Եթե այո, ապա ի՞նչ նպատակով։
– Խնդիրն այն է, որ նմանատիպ պատահական հատումները ռազմական գործողությունների պայմաններում առաջին անգամ չեն տեղի ունենում, և եթե օդանավը հատել է սահմանը, ապա հատել է պատահաբար և պատճառն այն է, որ ահաբեկիչների օբյեկտները գտնվում են Թուրքիայի սահմանի անմիջական հարևանությամբ, որովհետև թուրքերը պարզապես օգնում են այդ ահաբեկիչներին։ Ահա և վերջ։
– Այսօր որոշ ռուս փորձագետներ հայտարարել են, թե Ռուսաստանը սրանից հետո պատերազմ կարող է հայտարարել Թուրքիային։ Համամի՞տ եք այդ տեսակետի հետ։
– Դա հիմարություն է։ Պատերազմ չի լինի։
– Այդ դեպքում ինչպե՞ս կպատասխանի Ռուսաստանը Թուրքիային։
– Կտեսնենք։ Կարծում եմ՝ պատասխան գործողությունները կլինեն անհամաչափ։
– Մի փոքր անդրադառնանք հարցի հայաստանյան համատեքստին։ Ինչո՞վ է կարևոր այս միջադեպը Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը Մոսկվայի դաշնակիցն է։ Ի՞նչ զարգացումների պիտի պատրաստ լինի Հայաստանը։
– Հայաստանը պիտի պատրաստ լինի նրան, որ կդադարեցվի արդեն վաղուց պրակտիկայի վերացված ռուս-թուրքական, հայ-թուրքական կառուցողական համագործակցությունը օդային անվտանգության, քաղաքացիական ինքնաթիռների ոլորտում։
– Հնարավո՞ր է արդյոք, որ այս սրման հետևանքով Թուրքիան փորձի պատասխանել Ռուսաստանին նաև Թուրքիա-Հայաստան սահմանին։
– Ոչ, Թուրքիան չի կարող որևէ բան նախաձեռնել Հայաստանի հետ սահմանին, որովհետև Թուրքիայի կենտրոնական իշխանություններն ուղղակի չեն վերահսկում իրենց կողմից թուրք-հայկական սահմանը։ Այսօր Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից բոլոր շրջանները վերահսկվում են տեղի քրդերի կողմից։









































