ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի բացառիկ հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին։
«Հուսով ենք, որ [Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների] այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի առաջիկա տարվա ընթացքում Նախագահների միջև երկխոսությանը՝ բեկում մտցնելով խաղաղ կարգավորման գործընթացում»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանել է «Առաջին լրատվական»-ի հարցերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության և բանակցային գործընթացի թեմայով: Համանախագահը մասնավորապես հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում տևական խաղաղության ամենամեծ խոչընդոտը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքի բացակայությունն է: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբեր ամսվա ընթացքում, դեսպան Ուորլիքը հույս է հայտնել, որ Նախագահները կքննարկեն լարվածության թուլացման և, զոհերից խուսափելու ուղիները, ինչպես նաև «կարգավորման տարրերի վերաբերյալ առաջարկներ»:
Ջեյմս Ուորլիքը նաև մեկնաբանել է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված սկանդալային բանաձևը Լեռնային Ղարաբաղի մասին:
– Պարոն Ուորլիք, Երևան կատարած Ձեր վերջին այցելության ժամանակ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները պիտի ուղերձ հղեն իրենց ղեկավարներին, որ իրենք հոգնել են բռնություններից, և որ «ժամանակն է խաղաղության»: Կարծում եք` սա՞ է ամենաշատը պակասում երկարատև ու կայուն խաղաղության հասնելու համար, հասարակական ճնշո՞ւմը կամ հասարակական պահա՞նջը՝ վերջնականապես լուծելու հիմնախնդիրը:
– Տևական խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցային լուծման հասնելու հարցում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների քաղաքական կամքի բացակայություն է: Մենք ողջունում ենք առավել ակտիվ քաղաքացիական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հանրային բանավեճում և խրախուսում ենք բոլոր քաղաքացիներին՝ միանալ Համանախագահներին՝ կոչ անելով Նախագահներին ապահովել հակամարտության խաղաղ լուծում:
– Բայց ինչպե՞ս կարելի է հասարակություններին ներգրավել խաղաղության գործընթացում, եթե բանակցությունները փաստացի շատ փակ են հասարակ քաղաքացիների համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:
– Համանախագահները կարգավորման տարրերն ու սկզբունքները ներկայացրել են հանրությանը, և Քարնեգի հիմնադրամում ունեցած իմ ելույթում ես անդրադարձել եմ դրանց: Կուզենայի խրախուսել հայերին ու ադրբեջանցիներն, որպեսզի իրենց Նախագահների համար հստակեցնեն, որ խաղաղության օգուտները շատ ավելի ծանրակշիռ են, քան պատերազմի ու ներկայիս փակուղային իրավիճակի վնասները:
– Դուք քննադատեցիք Լեռնային Ղարաբաղի մասին Ռոբերտ Ուոլտերի զեկույցն ու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից համապատասխան բանաձևի ընդունումը, որից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրեց Ձեզ Հայաստանի շահերը սպասարկելու համար: Համանախագահներն, իհարկե, մշտապես հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից դուրս այլ միջազգային հարթակներ տեղափոխելը վնասում է խաղաղության գործընթացին: Բայց ի՞նչ գործնական մեխանիզմներ ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը այսպիսի անընդունելի և կողմնակալ բանաձևերը հետագայում կասեցնելու համար:
– Կողմերը պաշտպանում են Մինսկի խմբի ձևաչափը, և Համանախագահները կշարունակեն աշխատել նրանց հետ՝ որպես բանակցային կարգավորման միջնորդներ: Մենք չենք կարող թույլ չտալ այլ միջազգային կառույցներին կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այնուհանդերձ, մենք հաճախակի խորհրդակցում ենք միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են ԵՄ-ը և ՄԱԿ-ը, նրանց տեղեկացնում ենք մեր աշխատանքի ընթացքի մասին և կարծում ենք, որ նման շփումներ/կապեր ապահովելը կարևոր է, որպեսզի նրանք բանակցային գործընթացի վերաբերյալ անկողմնակալ գնահատականներ տան:
– Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կկայանա սահմանադրական հանրաքվե: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ադրբեջանական կողմը դիմի նոր սադրանքների` հակամարտության գոտում և Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու նպատակով:
– Մենք չենք կարծում, որ կողմերից որևէ մեկը շահագրգռված լինի տարածաշրջանի առավել ապակայունացմամբ: Մենք ակնկալում ենք, որ կողմերը կհարգեն հրադադարը և կբանակցեն բարեխղճորեն, հատկապես հաշվի առնելով հաջորդ ամիս Նախագահների նախապատրաստվող այցը:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից: Համանախագահների տարածաշրջանային վերջին այցից հետո ինչ-որ չափով պարզվե՞լ են այդ հանդիպման օրակարգային հարցերը: Խնդրում եմ հնարավորության սահմաններում նշել որոշ մանրամասներ:
– Ակնկալում ենք, որ Նախագահները քննության կառնեն լարվածության թուլացման և, մասնավորապես, քաղաքացիական զոհերից խուսափելու ուղիները: Նաև ակնկալում ենք, որ կքննարկվեն կարգավորման տարրերի վերաբերյալ առաջարկներ, ինչպես եղել է նախորդ հանդիպումների ընթացքում: Հուսով ենք, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի առաջիկա տարվա ընթացքում Նախագահների միջև երկխոսությանը՝ բեկում մտցնելով խաղաղ կարգավորման գործընթացում:
Լուսանկարը` PAN Photo-ի









































