Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում անցկացվել են խորհրդարանի նախագահի ընտրությունները, որում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) թեկնածու, հայտնի հայատյաց, Թուրքիայի պատմագիտական ընկերության (TTK) նախկին ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուն ստացել է 41 քվե։ Դա համարվել է զարմանալի արդյունք՝ հաշվի առնելով, որ ԱՇԿ-ն խորհրդարանում ունի միայն 40 պատգամավորական մանդատ։
Բոլորին սկսել է հետաքրքրել այն հարցը, թե խորհրդարանում ներկայացված մյուս ուժերից ով է քվեարկել ԱՇԿ-ի թեկնածուի օգտին։ Կուլիսների հետևում սկսվել է շրջանառվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նորընտիր պատգամավոր Թուղրուլ Թուրքեշի անունը։ Վերջինս ավելի վաղ 3 անգամ անընդմեջ ԱՇԿ-ից ընտրվել է պատգամավոր, սակայն երբ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ժամանակավոր կառավարությունում Թուրքեշը դարձավ փոխվարչապետ՝ ընդունելով վարչապետ Ահմեթ Դավութօղլուի առաջարկը, նրան հեռացրին ԱՇԿ-ի շարքերից։
ԱՇԿ-ից հեռացվելուց հետո Թուրքեշը համալրել է ԱԶԿ-ի շարքերը և ընտրվել պատգամավոր։ Այժմ ընդգծվում է, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնում ԱԶԿ-ի թեկնածու Իսմաիլ Քահրամանը քվեարկության առաջին երկու փուլերում ստացել է 316 քվե՝ չնայած նրան, որ ԱԶԿ-ն խորհրդարանում ունի 317 պատգամավորական մանդատ։ Այժմ բոլորը համոզված են, որ հենց Թուրքեշն է պատճառ դարձել, որ Հալաչօղլուն ստացել է սպասվածից մեկ քվե ավել, իսկ Քահրամանը, որն ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնում, մեկ քվե պակաս։
Հիշեցնենք, որ տնտեսագետ Թուղրուլ Թուրքեշը ԱՇԿ-ի հիմնադիր Ալփարսլան Թուրքեշի ավագ որդին է։ Երբ Թուրքեշին հեռացրին ԱՇԿ-ի շարքերից, ԱՇԿ-ն դարձավ խորհրդարանի 4-րդ խոշոր ուժը՝ զիջելով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (երկու կուսակցություններն էլ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ստացել էին 80-ական մանդատ)։
Թուղրուլ Թուրքեշն օգոստոսի վերջին ընդունեց ԱԶԿ-ի առաջարկը և դարձավ Թուրքիայի ժամանակավոր կառավարության փոխվարչապետ, որով Թուրքեշ ազգանունը Թուրքիայի կառավարությունում վերստին հայտնվեց 37 տարի և 8 ամիս անց (Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնում Ալփարսլան Թուրքեշի պաշտոնավարությունն ավարտվել է 1978թ. հունվարի 5-ին)։ Արդեն սեպտեմբերի սկզբին նրան հեռացրին ԱՇԿ-ից, իսկ դրանից օրեր անց Թուրքեշը դարձավ Անկարայում ԱԶԿ պատգամավորական թեկնածու և արդյունքում ընտրվեց պատգամավոր (հունիսյան ընտրություններում Թուրքեշը ԱՇԿ-ից պատգամավոր էր ընտրվել Անկարայի թիվ 1 ընտրատարածքում, ուր ԱՇԿ-ն նոյեմբերյան ընտրություններում ստացավ 1 մանդատ պակաս)։








































