Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում 30-ամյա Էդմոն Գրիգորյանը, որին մեղադրում են 61-ամյա բժշկին վրաերթի ենթարկելու մեջ, ինչի հետևանքով նա մահացել է, հայտարարել է, որ չի ցանկանում վիճարկել մեքենան ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ վարելու համար իրեն առաջադրված մեղադրանքները, հաղորդում է Glendale News-Press-ը:
Էդմոն Գրիգորյանին ի սկզբանե սպառնում էր ավելի լուրջ մեղադրանք՝ հոգեմետ նյութերի ազդեցության տակ մեքենա վարելու ու ծանր վնասվածքներ պատճառելու համար, սակայն այն փոխարինվել է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարելու մեղադրանքով:
Գրիգորյանն իր ավտոմեքենայով 2012թ. հոկտեմբերի 12-ին վրաերթի էր ենթարկել Ջեքոբ Օրֆալին, ով մեքենան կայանելուց հետո շտապում էր հիվանդի մոտ: Երկու օր անց վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներից բժիշկը մահացել էր տեղի հիվանդանոցում:
Թեստի արդյունքները ավելի ուշ հաստատել էին, որ Գրիգորյանը եղել է թմրանյութերի ազդեցության տակ:
Նրա դատավճիռը կհրապարակվի հունիսի 5-ին: