Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանում հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռոուհանին կարևորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը, ինչը մասնավորապես վերաբերում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներին։
Ռուհանին ընդգծել է, որ երկու երկրները կարող են մեծ օգուտներ ստանալ Կասպից ծովի միջոցով երկկողմ հարաբերությունները զարգացնելով։ Բերդիմուհամեդովն իր հերթին հայտարարել է, որ քաղաքական շատ հարցերում համընկնում են Իրանի ու Թուրքմենստանի դիրքորոշումները, և որ իրենք կողմնակից են տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում կայունությանն ու անվտանգությանը։
Բերդիմուհամեդովի խոսքով՝ Թուրքմենստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է կրկնակի, և մեծ պոտենցիալ կա այն էլ ավելի մեծացնելու համար։ Ռուհանին հայտարարել է, որ իրենք նպատակադրվել են, որ Իրանի և Թուրքմենստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցվելու է 60 միլիարդ դոլարի։
Թուրքմենստանի նախագահին ընդունել է նաև Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեին։








































