Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Էդգար Գ.-ի գործի դատական քննությունը:
37-ամյա Էդգարը մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը Էդգարին այնքան մերձավոր հարազատ է, որ կարող էր Էդգարի վերաբերյալ ցուցմունք չտալ, բայց նա դատարանում ցուցմունք տվեց, այն էլ՝ Էդգարի համար նպաստավոր:
Տուժողն Էդգարի աներն է՝ կնոջ հայրը:
Գործով ոչ միայն ամբաստանյալն ու տուժողը, այլև բոլոր վկաները հենց այս երկու ընտանիքների անդամներն են:
Դատարանի դահլիճում և միջանցքում ընտանեկան ջերմ մթնոլորտ էր՝ գործի քննության հետ կապված անհանգստության երանգներով ու միջանցքում վազվզող երեխաների աղմուկով: Իսկ դատական նիստի ավարտին կալանքի տակ գտնվող Էդգարին թույլատրվեց գրկել ու համբուրել իր երկու մանկահասակ երեխաներին, ինչը ամբաստանյալն արեց առանձնահատուկ գորովանքով:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մայիսի 2-ի երեկոյան ամբաստանյալն իր տան ննջասենյակում վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է կնոջ հոր՝ Կարապետ Բ.-ի կրծքավանդակի հետին մակերեսին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Դատարանը հարցաքննեց նախ գործով վկաներին:
Էդգարի կինն ասաց, թե ինքն ու Էդգարն ամուսնացել են չորս տարի առաջ: Մի քանի տարի ապրել են իր հայրական տանը: Էդգարը եղել է լավ փեսա, նրա ու իր ծնողների հարաբերությունները շատ լավ են եղել: Համատեղ կյանքի ընթացքում իրենք երկու մանկահասակ երեխա ունեն: Էդգարը շատ ջերմությամբ է վերաբերվել իրեն ու հատկապես երեխաներին:
Վերջին շրջանում Էդգարն ու կինը երեխաների հետ առանձնացել, բնակվել են առանձին՝ Նորքում:
Դեպքի օրը ամուսինների միջև կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել: Կինը նեղվել է, զանգել է իր և Էդգարի հայրերին, ասել է, թե Էդգարը վիճում է իր հետ:
Նրանց տուն են շտապել ինչպես կնոջ հայր-մայր-եղբայրը, այնպես էլ Էդգարի հայրը:
Կնոջ հայր-մայր-եղբայրը Էդգարի հետ նստել են զրույցի: Վիճաբանել են: Իսկ երբ վեճի ընթացքում Էդգարը հրել է կնոջը, աները բորբոքվել է, քանի որ նա դստերը սիրում է մի առանձնահատուկ սիրով, երբեք նրա վրա ձայնը չի բարձրացրել ու չի կարողացել հանդուրժել փեսայի կոպիտ վերաբերմունքը:
Աներն ու զոքանչն ասել են՝ մեր աղջկան ու երեխաներին տանում ենք մեր տուն, մինչև դու, Էդգար տղա, խելքդ գլուխդ հավաքես, էդ ժամանակ կգաս նրանց հետևից:
Հիմա էլ բորբոքվել է Էդգարը՝ ասելով, թե իր կինն ու երեխաները պետք է մնան իր կողքին, նրանք ոչ մի տեղ չեն գնա:
Ահա այս վեճը հյուրասենյակում սկսվել, տեղափոխվել է ննջասենյակ. Էդգարի հետևից ննջասենյակ է մտել աներ Կարապետը: Փեսա-աներ սկսել են իրար քաշքշել, հարվածներ են հասցրել:
Ըստ Էդգարի կնոջ՝ ինքը, գնալով ննջասենյակ ու տեսնելով, որ Էդգարը կոպտում է իր հայրիկին, ձեռքով հարվածներ է հասցրել նրան: Էդգարին հարվածներ էր հասցնում նաև հայրիկը: Քաշքշուկի ընթացքում տղամարդիկ ընկել ու ջարդել են ննջասենյակում դրված օրորոցը:
Ըստ Էդգարի կնոջ՝ իրենք այնքան էին նեղել խեղճ Էդգարին, իր հայրը նրա պարանոցից նույնիսկ բռնել ու խեղդում էր՝ ընկած վիճակում: Էդգարը եթե անգամ հարվածել է իր հայրիկին, ապա նրանից ազատվելու համար է դա արել՝ վախից ու անելանելի վիճակից:
Ըստ Էդգարի կնոջ՝ ինքը հանկարծ տեսել է, որ հոր բերանից արյուն հոսեց: Այդ ժամանակ Էդգարը վեր է կացել ընկած տեղից, դուրս է եկել ննջասենյակից, հետո էլ՝ գնացել է տնից, թե ուր՝ ինքը չի իմացել:
Կնոջ ուշադրությունը սևեռված է եղել հոր վրա, որովհետև հայրն ասել է՝ շտապ բժիշկ կանչեք, ցավում է, չեմ դիմանում:
Կարապետի կինն ու դուստրը, ինչպես նաև փեսա-աներ առճակատման ժամանակ բակում ծխող որդին տեսել են, որ Կարապետի թիկունքին արյան հետք կա: Հանել են Կարապետի վերնահագուստը, տեսել են, որ ձախ թիակի շրջանում կտրած վերք կա, որից արյուն է հոսում, արյունը հասել է մինչև գոտկատեղ…
Կարապետին որդու մեքենայով տեղափոխել են մոտակա՝ օրթոպեդիկ հիվանդանոց, իսկ առաջին բուժօգնությունից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են 1-ին հիվանդանոց:
Կարապետի կյանքը փրկվել է…
Էդգարի կինն ասաց, թե ինքը չի պատրաստվում հեռանալ Էդգարից, ինքը չի ցանկանում, որ իր երեխաներն անհայր մեծանան, մանավանդ Էդգարը երեխաներին անսահման սիրում է…
Էդգարի զոքանչն իր հերթին ասաց, թե դեպքի պահին ինքն էլ իր կողմից է հարվածներ հասցրել Էդգարին, դա եղել է «ծնողական ապտակ», որ Էդգարը սթափվի…
Էդգարի կնոջ եղբայրն ասաց, թե ինքը բակում է եղել, բուն ծեծկռտուքը չի տեսել: Իսկ հայրն էլ դեպքից հետո ասել է ոչ թե՝ «խփեց», այլ՝ «խփեցի»՝ նկատի ունենալով, որ ոչ թե Էդգարն է ինչ-որ բանով հարվածել-վնասել իրեն, այլ ինքն է ինչ-որ տեղ խփվել ու վնասվածք ստացել…
Էդգարի հայրիկը նույնպես ցանկացավ ցուցմունք տալ: Որդուն օգնելու նրա ցանկությունն այնքան մեծ էր, որ նա խառնաշփոթ ցուցմունք տվեց, չկարողացավ նկարագրել՝ ինչ դիրքով էին ընկած Էդգարն ու Կարապետը, ինչպես էր Կարապետը «խեղդում» Էդգարին, ու ինչպես էր ինքն աշխատում նրանց բաժանել:
Ցուցմունք տալու հերթը հասավ տուժող Կարապետին:
Նա ասաց, թե միայն ինքը կարող է ամենաճիշտը նկարագրել դեպքը:
Այո, ինքը դստեր զանգով գնացել է նրա տուն, որ փեսային կարգի հրավիրի: Տեսնելով, որ փեսան հրեց իր դստերը, ինքը հունից դուրս է եկել, չնայած դրանից առաջ ոչ մի անգամ Էդգարի հետ լուրջ կոնֆլիկտ չէր ունեցել:
«Ես աղջկաս կյանքիցս շատ եմ սիրում, նա մեր ազգում միակն է, նրա համար ես ամեն բան կանեմ… Ես նրան մի թթու խոսք չեմ ասել մինչև հիմա: Երբ տեսա Էդգարի կոպիտ վերաբերմունքը, ինձ չտիրապետեցի…»,- ասաց տուժողը:
Կարապետը նշեց, թե ինքը, այո, հարվածներ է հասցրել փեսային, ինքը ցանկացել է մինչև անգամ նրան սպանել՝ խեղդելու միջոցով, դրա համար էլ բռնել է նրա պարանոցից ու սեղմել է, երբ իրենք ընկել ու ջարդել են թոռնիկի օրորոցը:
Ըստ Կարապետի՝ Էդգարն իրեն ձեռքերով չի հարվածել, նա իրեն հարվածներ հասցնել չէր էլ կարող, իր ֆիզիկականով ինքը շատ ավելի ուժեղ է Էդգարից…
«Դեպքը եղել է, բան չունեմ ասելու, բայց ես Էդգարի ձեռքին դանակ չեմ տեսել: Նա ինձ խփել է ինչ-որ գործիքով, բայց խփել է, որ ինձանից ազատվի…»:
Տուժողը բուժման ժամանակ հետաքրքրվել է, թե ինչու է դեպքի ժամանակ իր բերանից արյուն եկել այն դեպքում, երբ վնասվածքը ստացել էր թիակի հատվածում: Բժիշկն էլ բացատրել է՝ քանի որ վնասվել է թոքը, դրա համար էլ բերանից արյուն է հոսել…
Կարապետն ասաց, որ Էդգարին վերաբերվել ու հիմա էլ վերաբերվում է որպես իր որդու, նրա դեմ չարացած չէ, բողոք կամ նյութական պահանջ չունի:
«Բաց թողեք Էդգարին, հարգելի դատարան, թող դուրս գա ստեղից, իր երեխաների, իր ընտանիքի մոտ վերադառնա… Խիղճն էլ, արդարությունն էլ ձեր ձեռքին է…»,- ասաց Կարապետը:
Ընտանեկան ջերմ մթնոլորտում էլ դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստին կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, այլ ապացույցները, հնարավոր է՝ ցուցմունք կտա նաև ամբաստանյալ Էդգարը:









































