Գառնիի «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդեց, թե իր որդին առնչություն չունի ամռանը Գառնիում հնչած կրակոցների հետ, ինչի համար նախօրեին որդուն մեղադրանք է առաջադրվել:
«Ոնց որ ասում են՝ շառ է, գալիս փաթաթվում է մեր ընտանիքին: Չգիտեմ ինչ կլինի, ոնց կլինի, բայց ինքը մասնակից չի եղեկ էդ կրակոցներին: Ու բոլորը, բացի մի հոգուց, դա են ասում, որ եթե իմ տղան ընդեղ չլիներ, մի ուրիշ մարդ լիներ, գյուղապետին կսպանեին: Գյուղապետը տենց ցուցմունք է տվել»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Մեր հարցին, թե ինչպես է պատահում, որ իրենց ընտանիքի անունը մշտապես հայտնվում է նմանատիպ սկանդալների ու քրեական պատմությունների կենտրոնում, Հակոբյանն արձագանքեց. «Դե երևի ես ուրիշ կուսակցությունից եմ, դրա համար էլ անընդհատ մի բան սարքում են իմ ընտանիքի գլխին: Ես «բարգավաճ» եմ, ու դրա համար էլ մի բան սարքում են ու հետո մտածում են, որ ես աշխատող եմ, գործ ունեմ, աշխատողներ ունեմ ու ընտրություններին պետք է ձայն ապահովեմ իրենց համար, բայց ասել եմ՝ ոչ: Էդքան բան»:
Այսինքն՝ ուզում եք ասել, որ ձեր ընտանիքի նկատմամբ հարուցված քրեական գործերը, դատավարությունները քաղաքական ենթատեքստ ունե՞ն՝ հարցրինք. «Դե ըտենց ա ստացվում էլի, ինչ ասեմ»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանից ահազանգ էր ստացվել, որ նույն գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, հնչել էին կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր գյուղապետի որդու ավտոմեքենան: Վիճաբանությունը ծագել էր գյուղապետի որդու, նրա երկու ազգականների ու Հակոբյանի որդու՝ Ռուբեն Հակոբյանի միջև, Գառնիի տարածքում ավտոմեքենայի ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով: Ապա կատարվածը վերաճել էր վիճաբանության և շարունակվել հարակից գազալցակայանի տարածքում, որտեղ, ըստ նախաքննության նյութերի, Հակոբյանի որդին ատրճանակով կրակահերթ էր արձակել, որից վնասվել էր Գառնիի գյուղապետի որդու ավտոմեքենան:









































