«Եկել է այդ պահը, սա վերջն է, այլևս ոչ մի ռեսուրս չունեն: Մեր հայրենակիցները չեն կարողանում դրսից գումար ուղարկել՝ տրանսֆերտների ծավալը կրճատվել է $500 մլն-ով՝ անցած տարվա համեմատ: Չեն կարողանում ապրանք արտադրել եւ արտահանել: Մնում է մի ճանապարհ՝ պարտք վերցնել: Այդ գործն իրենց մոտ լավ է ստացվում: 2016-ին նախատեսում են ՀՀ պետական պարտքը հասցնել 5,6 մլրդ դոլարի: 2008-ին՝ ընդհանուր պարտքը 1,8 մլրդ դոլար էր: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պետական պարտքն ավելացել է 3,8 անգամ, իսկ տնտեսությունը ոչ մի աճ ցույց չի տվել: Այսինքն, մենք պարտքեր վերցրել ենք միայն ծախսելու համար: Իրականում, այս ընթացքում մարդկանց սոցիալական վիճակը գնալով ավելի վատացել է, իսկ դրա կողքին՝ այն մարդիկ, ովքեր հարստություն ունեին, ավելացրել են իրանց հարստությունը: Այսինքն, այս տարիների ընթացքում, պետական պարտքի ավելացման հաշվին հարուստներն ավելի հարստացել են, իսկ աղքատներն ավելի չքավոր են դարձել», – Այս մասին Ազատության հրապարակում ընթացող «Ոչ»-ի ճակատի հանրահավաքում իր ելույթում երկրի տնտեսական վիճակին անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:












































