Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան աշխատող Անդրանիկ Մանուկյանը հայտնվել է բավական պիկանտ մի պատմության մեջ, թեև դա, իհարկե, պատմության մեղմ բնորոշումն է:
Պարզվում է՝ Ուկրաինայի անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի տունը դարձել է Հայաստանի Հանրապետության դեսպանի նստավայր, թեև կարծես թե չկան տան վարձակալության մասին տվյալներ, և ըստ տեղեկությունների՝ իրականում դեսպանի նստավայրի մասին ցուցանակը քող է նախկին պաշտոնյայի ու նրա կնոջ համար, որոնք այժմ ապրում են Մոսկվայում: Սիվեցը Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի մտերիմներից է, և դրանով երևի թե ասված է արդեն շատ բան:
Թե ինչ զարգացում կունենա այս պատմությունը՝ ցույց կտա ժամանակը: Մի բան պարզ է, որ սա արդեն իսկ ցույց է տալիս, ըստ որում՝ ոչ առաջին անգամ, թե իրականում ինչով են զբաղված Հայաստանը ներկայացնող դիվանագետները կամ, այսպես կոչված, դիվանագետները արտերկրում: Եվ այս խնդիրը բնորոշ է Հայաստանի գրեթե բոլոր դեսպանություններին, որոնք իրականում դիվանագիտական աշխատանքի քողի տակ ընդամենը անձնական կամ կլանային բիզնես-ներկայացուցչություններ են:
Եվ այս իրողությունն է պատճառը, որ մենք պարբերաբար տարբեր միջազգային ատյաններում ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության շահերը ոտնահարող դիվանագիտական գործընթացների: Որովհետև մենք չունենք Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող դիվանագիտական կորպուս: Մենք ունենք առանձին դիվանագետներ, սակայն չունենք կորպուս, ինչի հետևանքով մեծ հաշվով ջուրն է ընկնում նաև այդ դիվանագետների աշխատանքը: Այդ պատճառով էլ հակահայկական տարատեսակ զեկույցները սկսել են ջրառատ գետ հիշեցնել՝ իրենց անընդհատ խոսքով:
Արդեն ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված է հայտնի Ուոլթերի զեկույցը, հերթի մեջ է զեկույցը Սարսանգի ջրամբարի մասին, հետո կլինեն նորանոր զեկույցներ: Որովհետև չկա աշխատանք, Հայաստանի Հանրապետությունը վերածվել է դիվանագիտական ամլության խորհրդանիշի՝ և արտգործնախարարության, և, առավել ևս, խորհրդարանական դիվանագիտության մակարդակում:
Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն ընդհանրապես գտնվում է խայտառակ վիճակում, և բացի «խավիարային դիվանագիտությանը» հավերժական հղումներից՝ այդ ճակատում ներգրավված պատգամավորները ըստ էության որևէ այլ ասելիք և անելիք չունեն:
Մյուս կողմից՝ դա զարմանալի էլ չէ, երբ մենք տեսնում ենք, թե ովքեր են ներգրավվածները: Խնդիրն արդեն այն է, թե ովքեր են ներգրավողները, ովքեր են ՀՀԿ-ի խորհրդարանական ցուցակներ կազմողները, որոնցով ձևավորվում է խորհրդարանը, իսկ հետո արդեն՝ հանձնաժողովներն ու պատվիրակությունները:
Հերմինե Նաղդալյանը եթե ուզի էլ՝ չի կարող ավելի արդյունավետ աշխատել ԵԽԽՎ-ում, որովհետև այդքանն է նրա աշխատանքային կարողությունների սահմանը: Նա կարող է լավ բիզնեսմեն լինել և հաջողությամբ համադրել իշխանական դիրքն ու բիզնեսը, սակայն դիվանագիտությունը նրա տեղը չէ, և եթե նա կա, ապա աշխատի, թե ոչ՝ արդյունքը նույնն է լինելու: Եվ նույնը շատ ու շատ պաշտոնյաների, դեսպանների, պատվիրակությունների անդամ պատգամավորների դեպքում:
Եվ այս իրավիճակում նրանք մտածում են՝ իսկ ինչո՞ւ իզուր տեղը չարչարվել, եթե արդյունք, միևնույն է, չի ստացվելու. չէ՞ որ իրենք էլ լավ գիտեն, թե ինչի են ընդունակ: Եվ ուրեմն մնում է վայելել Եվրոպան, գոնե դա «քյար կմնա»:
Իսկ այս իրավիճակը վաղուց արդեն Հայաստանին ոչ միայն հարվածում է հակահայկական զարգացումներով, այլև ըստ էության նաև Հայաստանի միջազգային հեղինակության վարկաբեկմամբ և երկրի ներսում էլ՝ հայկական հասարակական-քաղաքական մտքի դեգրադացիայով, որ տեղի է ունենում ինքնարդարացումների շղթայում:
Ի վերջո՝ հասարակությանը, կամա, թե ակամա, համոզում են, թե ինքն անզոր է ադրբեջանական նավթի ու խավիարի դեմ: Այսինքն՝ եթե ղարաբաղյան շարժման ծանր, բարդ, պատերազմի դժվարին տարիներին հասարակությունը հաղթեց նույն այդ ռեսուրսային գերազանցությունն ունեցող Ադրբեջանին, այսօր խաղաղության պայմաններում նրան ներշնչում են անզորության զգացում՝ ընդամենը ինքնարդարացման մանրախնդիր նպատակներից ելնելով: Այն դեպքում, երբ խնդիրն աշխատանքն է, և ողջ հարցն այն է, որ հասարակությանը պետք է ներշնչվի հենց դա՝ որ կարևորը ցանկությունն է՝ աշխատելու և հանրօգուտ, պետականաշահ արդյունքի ցանկությունը: Երբ դա կա, գտնվում են նաև այդ աշխատանքին ընդունակ մարդիկ, այդ մարդիկ են համալրում՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր, ցուցակները, մի կողմ են դրվում նեղ, մանր կուսակցա-խմբակային, կլանային, թայֆայական շահերն ու ի վերջո լծվում պետական գործերին:
Սակայն դրա համար նախ պետք է գիտակցումը, թե ներկայումս ինչ բարդագույն մարտահրավերների պայմաններում է պետությունը: Իսկ Հայաստանում չկա այդ գիտակցումն անգամ, և աշխարհը դիտարկվում է «շենքի բակի» մակարդակով:









































