Georgia Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Վրաստանի առաջնորդների հանդիպումը հնարավոր է, սակայն դրա համար դեռ չեն հասունացել պայմանները։ Այդ մասին Պրահայում Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Կարասինը հիշեցրել է, որ Վրաստանի ղեկավարությունը, այդ թվում նաև արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը պարբերաբար քննադատում են Ռուսաստանին, և որ նման հռետորիկան խոչընդոտում է երկու երկրների առաջնորդների հանդիպման համար պայմանների ստեղծմանը։
Կարասինը դրա հետ մեկտեղ չի բացառել, որ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի ու Վրաստանի արտգործնախարարների հանդիպում. «Քննարկվել է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների առաջիկա գագաթնաժողովում հանդիպելու հարցը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին Բելգրադում, և որին մասնակցելու են երկու երկրների արտգործնախարարները։ Հանդիպման համար գործնական կոնկրետ պլան չունենք, սակայն ինչ-որ կարճատև հանդիպում հնարավոր է։ Այժմ բարդ է նախապես դա ծրագրելը»:









































