Բելգիայում գիշերը ոստիկանական շրջայցերի և խուզարկությունների նոր շարք է իրականացվել հյուսիսային Մոլենբեկ և Լակեն համայնքներում և արևմտյան Անդերլեխտում: Այս մասին հայտնում է բելգիական RTL հեռուստաալիքը՝ հղում անելով թագավորության դատախազությանը:
«Անցած օրերին ընդհանուր թվով 11 մարդ է ձերբակալվել ծայրահեղական և ահաբեկչական գործունեության հետ կապված տարբեր գործերով: Այսօր դատական կարգով որոշում կընդունվի ձերբակալվածների կալանավորման մասին»,- հայտնել են դատախազությունում:
Հաղորդվում է, որ ներկայումս Բելգիայի ոստիկանության ջանքերի գլխավոր նպատակը փարիզյան մահապարտ Բրահիմ Աբդեսլամի եղբայրն է՝ Սալահը, որը նրա հետ Մոլենբեկում է ապրել: Նրան կասկածում են Փարիզում ահաբեկչությունների պատրաստմանը կամ նույնիսկ դրանց իրագործմանն անմիջական մասնակցության համար: Հետաքննիչները բավարար ապացույցներ ունեն, որ նոյեմբերի 13-ի երեկոյան նա Փարիզում է եղել, իսկ ահաբեկչությունից հետո Բելգիա է վերադարձել: Ոստիկանությունը խոստովանել է, որ արդեն Բելգիա վերադարձից հետո նոյեմբերի 14-ին մի քանի անգամ ստուգել են նրա փաստաթղթերը, սակայն այդ պահին դեռ հայտնի չի եղել, որ նա մահապարտներից մեկի եղբայրն է, նա դեռ հետախուզման մեջ չի եղել:
Նրան որոնում են նաև Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում և Նիդերլանդներում: Այդ երկրների իրավապահներն ուժեղացված ստուգումներ են կատարում միջսահմանային մայրուղիներում՝ վերահսկելով կասկածելի ավտոմեքենաները:
Անտվերպեն քաղաքում ոստիկանությունը պայթուցիկ սարքերի որոնման ուղղությամբ միջոցառումներ է իրականացրել, երբ իրավապահ մարմիններում սպառնալիքներով զանգեր են ստացվել: Այս մասին հայտնում է Nu.nl-ը:
Նշվում է, որ դպրոցների բոլոր աշխպատակիցներն ու աշակերտները տարհանվել են:
Ներկայումս ոստիկանությունը փնտրում է ռումբերի մասին տեղեկացնողներին:












































