Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի և Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն արգելակում է վիզային պրակտիկայի հարցում առաջընթացին:
«Վերջին շրջանում Վրաստանի քաղաքացիներին տրված վիզաների քանակը կայունացել է տարեկան 22.000 մակարդակի վրա։ Սակայն մենք ձգտում ենք հնարավորություններ փնտրել, որ Վրաստանի քաղաքացիներին տրվող ռեժիմն ավելի ազատական դառնա։ Մենք ձգտում ենք Ռուսաստանի տարբեր շրջաններում կազմակերպվող միջազգային ֆորումներին ավելի շատ վրացի ներկայացուցիչների հրավիրել, սակայն, դժբախտաբար, ամեն անգամ չէ, որ դա արձագանք է գտնում վրացական կողմից»,- սսել է նա։
Կարասինը երեկ Պրահայում հանդիպել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ։ Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են, որ իրենց հաջորդ հանդիպումը Չեխիայի մայրաքաղաքում անցկացվելու է 2016 թվականի սկզբին։









































