Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում տեղի ունեցած Ատլանտյան խորհրդի գագաթնաժողովում, եվրոպական երկրներին զգուշացրել է Փարիզի ահաբեկչություններից հետո հակամուսուլմանական տրամադրություններ չբորբոքելու համար:
«Ողջ անկեղծությամբ դատապարտելով Փարիզի ահաբեկչությունները և կիսելով Ֆրանսիայի ժողովրդի վիշտը՝ մենք սկսել ենք հաղորդումներ ստանալ տարբեր երկրներում մուսուլմանների վրա հարձակումների մասին։ Ներգաղթյալների հանդեպ դիրքորոշման խստացումը ոչինչ չի տա՝ բացառությամբ հումանիտար դրամայի խորացման։ Եթե չհաջողվի կանխել Եվրոպայում ու մյուս երկրներում ռասիստական հարձակումների ու ֆանատիկ հոսանքների էսկալացումը, ապա անխուսափելի կդառնան նոր և վտանգավոր աղետները։ Ակնկալում ենք, որ համաշխարհային առաջնորդներն իրենց երկրների քաղաքացիներին առողջ դատողության կոչ կանեն»,- ասել է Էրդողանը։










































