Եվրոպայում և Սիբիրում ձյունն ու սառույցը չեն հասցրել հալվել, արդեն սկսվել են անտառային հրդեհները: Ինչպես հաղորդում է Tribune Geneve օրաթերթը, խոշոր հրդեհ է բռնկվել Շվեյցարիայի Վյեժ քաղաքի մերձակայքում: Վառվում է ավելի քան 100 հեկտար տարածք: Սա եզակի դեպքը չէ Եվրոպայում: Շոգ եղանակի պատճառով հրդեներ են սկսվել նաև Բելգիայում:
Արդեն մի քանի շաբաթ է՝ խոշոր հրդեհներ են գրանցվել նաև Սիբիրում: Անցած շաբաթավերջին հրդեհով պատված տարածքը գերազանցել է 4,000 հեկտարը: Համեմատության համար ասենք, որ դա հավասար է Հայաստանի վարելահողերի մոտ մեկ տոկոսին: Այս պահին Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Սիբիրում այժմ այրվում է 850 հեկտար անտառ: Երեքշաբթի առավոտվա դրությամբ արձանագրվել է հրդեհի 57 օջախ: Բնակչությանն ու բնակավայրերին հրդեհն այս պահին չի սպառնում:










































