Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ատլանտյան խորհրդի էներգետիկ ու տնտեսական գագաթնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Նրա խոսքերով՝ այն ժամանակ, երբ Եվրոպան ծրագրել էր միայն Nabucco խողովակաշարի կառուցումը, Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին իրագործել «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագիծը։
Էրդողանն ընդգծել է, որ հիմնական պատճառը, թե ինչու այդպես էլ չիրագործվեց Nabucco գազատարի նախագիծը, այն է, որ Եվրոպան միջոցներ չհատկացրեց դրա իրագործման համար. «Թուրքիան ներկայումս շարունակում է TANAP գազատարի կառուցումը։ Աշխատանքներ են տարվում նաև Թուրքմենստանից և այլընտրանքային այլ աղբյուրներից գազը TANAP գազատարով փոխադրելու համար»։
Հիշեցնենք, որ առաջին փուլում TANAP գազատարով տարեկան փոխադրվելու է 16 միլիարդ խորանարդ մետր գազ («Շահ Դենիզ-2» հանքավայրի գազը), որից 6 միլիարդ խորանարդ մետրը բաժին է ընկնելու Թուրքիային, իսկ մնացյալը՝ Եվրոպային։ Այդ նպատակով պետք է ընդլայնվի «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարը, որպեսզի Ադրբեջանից Վրաստանով համապատասխան ծավալի գազ հասցվի Թուրքիայի արևելք՝ TANAP գազատարին։ Ներկայումս Ադրբեջանը ԲԹԷ-ով Թուրքիային տարեկան մատակարարում է տարեկան 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ («Շահ Դենիզ-1»-ի գազը)։











































