ԵՄ-ն և ԱՄՆ-ը մտադիր են երկարացնել և ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ չնայած ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ջանքերի միավորմանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Բրյուսելի և Վաշինգտոնի աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ հակառուսական պատժամիջոցների հարցը կքննարկվի դեկտեմբերի կեսերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։ Պարբերականի փոխանցմամբ՝ ներկայում գոյություն ունի երեք հնարավոր տարբերակ. պատժամիջոցների երկարաձգում ևս 6 ամսով, երկարացում միանգամից մեկ տարով կամ հակառակը՝ ընդամենը 4 ամսով՝ ցույց տալու հավանությունն ուկրաինական հարցով Մոսկվայի զիջումներին։
Միևնույն ժամանակ Բրյուսելում ձևավորվել է ընդհանուր կարծիք, որ տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա պետք է երկարացնել մինչև Մինսկի համաձայնագրերի իրագործումը։
Հունիսի 22-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը որոշվել էր Մոսկվայի դեմ պատժամիջոցները երկարացնել մինչև 2016-ի հունվարի 31։









































