«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
– Դեկտեմբերի 6-ին իշխանությունները նախատեսում են սահմանադրական փոփոխությունների հանաքվե անցկացնել: Ձեր կարծիքով՝ այսօր հասարակությունն ունի՞ այս փոփոխությունների կարիք, և արդյո՞ք հասարակության առջև ծառացած խնդիրները և այդ խնդիրների լուծումը կարելի է կապել այդ փոփոխությունների հետ:
– Կարծում եմ հասարակությունը որակական փոփոխությունների պահանջ միշտ ունի, և իշխանությունը միշտ հնարավորություն ունի այդ որակական փոփոխությունները կատարելու: Կարևոր է, թե ինչպես է հարցը դրվում հասարակության կողմից. մենք ուզում ենք որակական փոփոխությո՞ւն, թե՞ մենք ակնկալում ենք որակական փոփոխություն դեմքերը փոխելու պարագայում: Ես չէի ուզենա, որ Սահմանադրության նոր տարբերակի քննարկումն անցներ այս մթնոլորտում: Ատելության արդյունքում գեղեցիկ երեխաներ չեն ծնվում, գեղեցիկ երեխաներ ծնվում են սիրո արդյունքում: Մեզ մոտ Սահմանադրության նախագիծը քննարկելը, «այո» կամ «ոչ» քարոզելը դուրս է Սահմանադրության իմաստից և ավելի շատ կրում է իշխանամետ կամ հակաիշխանական բնույթ:
Ես այդ բանավեճին բացարձակապես ցանկություն չունեմ մասնակցելու, որովհետև, ըստ իս՝ ջրբաժանն անցնում է այլ տեղ: Ջրբաժանն անցնում է այնտեղ, թե ինչքանով է մեր երկիրն իքնուրույն, ինչքանով է պատասխանատու, ինչքանով է մեր երկրի քաղաքացին պատասխանատու իր երկրի համար: Այնքան էլ կարևոր չէ, թե ինչպիսի համակարգ է ընտրված՝ նախագահական, թե խորհրդարանական: Ավելին՝ գուցեև սխալվում եմ, բայց լսելով շատ և շատ «այո» քարոզողների և նայելով նրանց դեմքին՝ ես ենթագիտակցաբար կարծում եմ, որ խցիկում «ոչ» կքվեարկեն, և հակառակը՝ «ոչ»-ի կողմնակիցներից շատերն «այո» կքվեարկեն: Ես կուզենայի, որ բուն Սահմանադրության մասին խոսվեր: Ինչքանով որ ծանոթ եմ փոփոխություններին, կարգին բարելավված է, բայց, ըստ իս, կան շատ վտանգավոր կետեր:
– Հատկապես ո՞ր կետերն են վտանգավոր:
– Ինձ համար անհասկանալի է այն երևույթը, որը կոչվում է կայուն մեծամասնություն: Մեր նախորդ Սահմանադրության մեջ էլ չկար անկախ դատարաններ ապահովող մեխանիզմ, այս նոր Սահմանադրությունը կարծես մի կես քայլ առաջ է, բայց բոլոր դեպքերում անկախ դատական համակարգի մասին խոսել և երազել դեռ վաղ է: Մարդու իրավունքների բաժինը ամենալավ, դրական բաժինն է, բայց պետք է դա կատարել: Եթե մեր Սահմանադրության այդ գլուխը կատարվի, հավատացե՛ք ինձ, բացարձակապես կապ չունի նախագահական, թե խորհրդարանական համակարգ կլինի:
Ես ավելի շատ կողմ եմ խորհրդարանական համակարգին: Նախագահական համակարգը բոլոր դեպքերում մեզ մոտ ասոցացվում է լավ թագավորի և վատ թագավորի հետ: Իսկ լավ թագավորին սկսում են փնտրել ուրիշ տեղ: Ուզում են, որ ուրիշ երկրի լավ թագավորը մեզ թագավորի, որովհետև մենք լավ թագավոր ենք ընտրում, մենք տեր ենք ընտրում մեզ և ոչ թե փորձում ենք ինքներս մեր երկրի տերը դառնալ: Սա է, կարծում եմ, գլխավոր ջրբաժանը: Չնայած հասկանում եմ, որ առաջարկություններս ժամանակավրեպ են, բայց եթե մենք լրջորեն ուզում ենք փոխել մեր Սահմանադրությունը, և եթե իսկապես ուզում ենք այդ Սահմանադրությունը լրջորեն կատարել, նախ՝ կարճ է ժամկետը, որովհետև մոտ մեկ տարի է պետք, որպեսզի բոլոր «այո»-ները և «ոչ»-երը կշռադատվեն: Եվ կարծում եմ, որ բոլոր գլուխներն առանձին-առանձին պետք է դրվեին քվեարկության, և ժողովուրդը կճանաչեր բուն իմաստը:
– Որովհետև կան մարդիկ, որոնց համար որոշ գլուխներ ընդունելի են, որոշ գլուխներ՝ ոչ:
– Այո՛, ես հիմա ծանր վիճակում եմ, ինձ համար մեծ մասն ընդունելի է, մի մասը՝ ոչ: Համաձայն չեմ «ոչ» ասողների այն պնդման հետ, որ այս Սահմանադրությունը բերում է միակուսակցական համակարգի, մենք չենք էլ ազատվել միակուսակցական համակարգից: Մենք ինչպես խորհրդային տարիներին ենք ապրել միակուսակցական համակարգում, այնպես էլ 20 տարի շարունակ, կուսակցություններն են փոխվում, բայց միակուսակցական համակարգը չի վերանում: Համոզիչ չեն նաև իշխանության կողմից ընդդիմությանն ուղղված այն պնդումները, որ միգուցե ընդդիմությանը հաջողվի ստեղծել միակուսակցական համակարգ: Թվում է՝ երբ դու իշխանությունը բաժանում ես, այն քո ձեռքից գնում է, իրականում ոչ, այն ավելի ամուր է դառնում: Երկիրն ամուր է դառնում, երբ իշխանավոր է դառնում յուրաքանչյուր քաղաքացի: Պետք չէ վախենալ, միևնույն է՝ հնարավոր չէ մի կենտրոնից ղեկավարել և լուծել բոլոր հարցերը, փորձը դա է ցույց տալիս: Բոլոր երկրները, որոնք կառուցված էին այսպիսի բուրգի ձևով, չդիմացան:
Եվ ևս մի կարևոր հարց, որն այս քննարկումների ժամանակ բացարձակապես անտեսվում է: Խոսքը տնտեսության մասին է: Մինչև մենք չունենանք մրցակցային տնտեսություն, որևէ բան մեզ մոտ չի աշխատի, տնտեսությունն է ամեն ինչի հիմքը: Երբ մենք ընտրում ենք մեզ համար վատ մոդել, մենք չենք կարող ունենալ լավ տնտեսություն: Երբ մենք ընտրում ենք մի մոդել և բացատրություն ենք տալիս, թե մեր ապրանքը միայն այդ մոդելում կարող է իրացվել, մենք մոռանում ենք, որ այդ մոդելում են մարդիկ, որոնք ուզում են ունենալ լավ ապրանք, և եթե դու ուզում ես նույնիսկ ցածր պահանջներով հասարակություն ունեցող երկրում վաճառել ապրանք, միևնույն է՝ քո ապրանքը պետք է լինի լավը:
– Պարոն Բաբայան, Դուք ակտիվ էիք Բաղրամյան պողոտայում, նկատի ունեմ այն, որ ցույցերին հաճախ կարելի էր տեսնել Ձեզ: Ըստ Ձեզ՝ ինչքանո՞վ է հիմնավորված և հաջողված «ոչ»ի գործունեությունը:
– Բաղրամյան պողոտայի պայքարն իսկապես գեղեցիկ պայքար էր, մարդիկ դուրս էին եկել հանուն ինչ-որ բանի, և ես համոզված եմ, որ հարցը չէր վերաբերում այդ 7 կամ 9 դրամին, դա արժանապատվության հարց էր: Ցավոք սրտի, հիմա դրվում է պարզապես իշխանափոխության հարցը, ընդ որում՝ շատ պարզունակ ձևով. եթե չանցնի Սահմանադրության նոր օրինագիծը, ուրեմն տեղի կունենա իշխանափոխություն: Ինչո՞ւ, ո՞վ ասաց: Ես կարծում եմ՝ հենց այդ պատճառով պայքարը գեղեցիկ չի ստացվում, այսինքն՝ դա չի ոգևորում մարդկանց: Ատելությունը ընդհանրապես երբևիցե որևէ մեկին չի ոգևորում, պայքարել կարելի է հանուն ինչ-որ բանի: Ինձ համար շատ ցավալի է, որ մեր երկրում որոշակի շատ կարևոր իրադարձություններ, որոնք ճակատագրական բնույթ ունեին մեզ համար, գուցե հասարակության կողմից ոչ լիակատար գիտակցումով, անցան շատ աննշան:
– Նաև ԵՏՄ-ին անդամակցությունը նկատի՞ ունեք:
– Այո՛: Ես այստեղ ոչ մեկին չեմ ուզում մեղադրել: Ես մեղադրում եմ միայն ինքս ինձ և ինձ նմաններին, մենք պարտավոր ենք մշտապես խոսել մեր հասարակության հետ, մենք պարտավոր ենք, որվհետև ցանկացած իշխանություն միշտ հաշվի է նստում քանակի հետ: Մենք պարտավոր ենք քանակը դարձնել որակ: Յուրաքանչյուր քաղաքացի ոչ թե պետք է ասի՝ ես սրանցից զզվել եմ, ով ուզում է լինի, այլ պետք է ասի, թե կոնկրետ ով լինի և ինչի համար լինի, և ինչ ենք մենք ուզում: Եթե մենք մեր պահանջները կոնկրետ ենք ներկայացնում, եթե հասկանում ենք, որ այն իշխանությունը, ում մենք բերելու ենք իշխանության գլուխ, պարտավոր է կատարել այն, ինչ մենք ենք պահանջում, իսկ մեր պահանջածը պետք է լինեն քանակական որակով ձևակերպված, այն ժամանակ ամեն ինչ կընկնի իր տեղը: Եթե մենք սպասում ենք, որ կգա մի նոր բարի թագավոր կամ մի շատ հոգատար մարդ, որը կլուծի մեր բոլոր հարցերը, մենք խորապես սխալվում ենք: Եվ նորանոր ընտրություններով ու սպասելիքներով մշտապես սխալվելու ենք, որովհետև մշտապես հավատալու ենք այդ խոստումներին. «Ես կգամ, և դուք լավ կապրեք»: Մենք պիտի ինքներս կառուցենք մեր կյանքն այնպես, ինչպես մենք ենք համարում, որ պետք է լինի:
– Դեկտեմբերի 7-ից հետո, անկախ քվեարկության արդյունքներից, արդյո՞ք հասարակության կյանքում որևէ էական փոփոխություն կլինի:
– Ո՛չ: Էական փոփոխության համար երկարատև աշխատանք է պետք: Իրականում ոչ ոք չի հավատում, որ ինչ-որ բան կփոխվի: «Ոչ»-ի կողմնակիցները կոչ են անում գնալ «ոչ» քվեարկել, միաժամանակ ասելով՝ միևնույն է, իշխանությունները կեղծելու են: Հակասություն է առաջանում. եթե կեղծելու են, էլ ինչո՞ւ գնամ «ոչ» ասեմ: Չի կարելի մարդկանց հիասթափեցնելով, ճնշելով հասնել լավ բաների: Լավ բաների կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ որ դու հավատ ես արթնացնում քո ուժերի հանդեպ, երբ որ ժողովուրդը հասկանում է, որ կարող է դա անել, բայց կարող է ի՞նչ անել և հանուն ինչի՞ անել: Եթե անկեղծ խոսենք, սա հասարակության համար երկրորդական հարց է: Թե ինչքանով կկարողանանք աշխատեցնել այս Սահմանադրությունը՝ սա է կարևոր հարցը: Պետք է կոտրվի բարի թագավոր փնտրելու հոգեբանությունը, չկա բարի կամ չար թագավոր: Քո թագավորը դու ես:








































