Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանում ֆինանսական մեքենայությունների կասկածանքով ձերբակալվել է 23 մարդ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության մամլո ծառայությունը:
Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են հարկային փաստաթղթերի կեղծման մեջ: Նշվում է, որ այդ ապօրինի գործունության արդյունքում Վրաստանի պետական բյուջեին հասցվել է վիթխարի վնաս: Ձերբակալվածներին այժմ սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին էլ Թբիլիսիի դատարանն իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսին և Զեև Ֆրենկելին մեղավոր էր ճանաչել պաշտոնատար անձին կաշառելու փորձի համար:
Նրանք ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերի 14-ին Բաթում քաղաքում և մեղադրվում էին Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին 7 միլիոն դոլար կաշառք տալու մեջ:
Արդյունքում, Ֆուքսը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման և 500,000 վրացական լարի (295,000 ամերիկյան դոլար) տուգանքի, իսկ Զեև Ֆրենկելը` 6.5 տարի ազատազրկման ու 100,000 վրացական լարի (60,000 ամերիկյան դոլար) տուգանքի: