Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆինանսների միջազգային ինստիտուտի (Institute of International Finance, IIF)՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բաժանմունքի ղեկավար Գարիս Իրադիանը կանխատեսել է, որ 2016 թվականին Իրանը կդառնա տարածաշրջանի տնտեսապես ուժեղ երկրորդ երկիրը՝ զիջելով միայն Սաուդյան Արաբիային։
Նա ընդգծել է, որ Իրանին նման հնարավորություն կընձեռի նրա դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների վերացումը։ Հաղորդվում է,որ նավթի գնանկման հետևանքով Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի 15 երկրների տնտեսական աճի ցուցանիշը չի անցնի 3 տոկոսից, մինչդեռ 2005-2014 թվականներին այն միջին հաշվով կազմել է 4.5 տոկոս։
IIF-ը կանխատեսում է, որ Իրանում տնտեսական աճը կկազմի մոտ 6 տոկոս, ինչը նույնպես շատ բարձր ցուցանիշ է Իրանի համար՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ կանխատեսվում էր, թե 2015 թվականին Իրանի տնտեսական աճը կազմելու է ընդամենը 1.4 տոկոս։
IIF-ը նաև կանխատեսել է, որ 2016 թվականին տարածաշրջանում երրորդ տեղը կզբաղեցնի ԱՄԷ-ն՝ Սաուդյան Արաբիայից ու Իրանից հետո։









































