Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շարունակում է պնդել, որ հաղթելու է հերթական մրցակցին:
«Ավելի քան երկու ամիս հետևողական պատրաստվել եմ այս մենամարտին: Այնպես որ, հիմա համոզված կարող եմ ասել, որ ամեն ինչ կարգին է, ես լիովին պատրաստ եմ մենամարտին և իհարկե, հաղթելուն: Այսուհանդերձ, ինչպես միշտ, այս անգամ էլ չեմ թերագնահատում մրցակցիս: Հաղթելու եմ: Երկրորդ տարբերակ չկա:
Ինչ վերաբերում է Ուլի Վեգներին, ապա նա վերջերս ոտքի ջլի վիրահատություն է տարել, այս պահին մի քիչ դժվարությամբ է քայլում, բայց միշտ ինձ հետ է, իմ կողքին և այս մենամարտի ժամանակ էլ կողքիս կլինի»,-«Արմենպրես»-ը մեջբերում է Աբրահամի խոսքերը:
Հիշեցնենք՝ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:









































