Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցում են Գյումրու քաղաքապետարանից, այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ուսանողների միջազգային օրվա առիթով Գյումրու նորակառույց Երիտասարդական պալատում տեղի ունեցավ հանդիպում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու քաղաքի երիտասարդության և ուսանողության հետ:
Հանդիպման ընթացքում 34 երիտասարդներ՝ ուսանողներ, արվեստի երիտասարդ ներկայացուցիչներ, երիտասարդ մարզիկներ և երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պարգևատրվեցին քաղաքապետի պատվոգրով: Հանդիպման ավարտին երիտասարդների համար կազմակերպվել էր համերգ՝ գյումրեցի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ:












































