Ողջ աշխարհը հասկանում է, որ բնական ռեսուրսների օգտագործման այն վայրի ու անխնա վիճակը, որը գոյություն ունի ներկա պահին, հանգեցրել է էկոլոգիայան աղետի, որը տարեցտարի ավելի է խորանում: Վնասակար արտանետումների քանակը արդեն իսկ բերել է մոլորակի ջերմաստիճանի վտանգավոր ավելացմանը՝ այն վերածելով այնպիսի միջազգային խնդրի, որի շուրջ խոսում են բոլոր հեղինակավոր միջազգային ատյաններում, իրենց մտահոգությունն են արտահայտում աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարները:
Հայաստանը աշխարհի թեկուզ փոքր բայց մի մասն է, և չի կարող մասնակցություն չունենալ այդ աղետի կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին: Բայց ինչ է կատարվում մեզ մոտ իրականում: Հայաստանում ինչ-որ բան արվում է էներգախնայողության հետ կապված, այն էլ միջազգային դրամաշնորհների և վարկերի միջոցով, իսկ վերականգնվող էներգետիկան գտնվում է բոլորովին անտեսված վիճակում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսը բաժին է հասնում վերականգնվող էներգետիկային: Բայց դա հիդրոէներգետիկան է, որը գրեթե սպառել է զարգացման հնարավորությունները, որովհետև Հայաստանի բոլոր գետերի վրա արդեն կառուցվել են հիդրոէլեկտրակայաններ, ինչը լուծելով վնասկար արտանետումների խնդիրը, իր հերթին նոր բնապահպանական խնդիրներ է առաջացրել:
Այնպես որ, եթե Հայաստանում խոսում են վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին, ապա պետք է նկատի ունենալ արևային և հողմային էներգետիկան: Իսկ այս ուղղությամբ Հայաստանում գրեթե ոչինչ չի արվում. Հայաստանում չի գործում որևէ արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան, իսկ մի քանի հողմային տուրբինները, որ տեղադրված են Պուշկինի լեռնանցքի մատույցներում, որևէ էական ազդեցություն չունեն Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում:
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն ասում էր, որ Հայաստանը իր առջև խնդիր է դրել աստիճանաբար հրաժարվել արդյունահանվող էներգառեսուրսների սպառումից և անցում կատարել վերականգնվող էներգետիկային: Իսկապես լավ է ասված: Բայց այդ նույնը ասվում էր սրանից 10 տարի առաջ, կարող է ասվել նաև 10 տարի հետո, իսկ իրականում ոչինչ էլ չարվի: Մենք Հայկ Հարությունյանին հարցրեցինք, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանե՞լ է արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնման սակագին: Հարությունյանը պատասխանեց, որ նման սակագին սահմանված չէ, որովհետև եթե ցածր սակագին սահմանվի, ապա այն գրավիչ չի լինի ներդրողների համար: Այսպիսի տրամաբանությունը իսկապես սպանում է. պատկերացրեք՝ պոտենցիալ ներդրողը ուզում է Հայաստանում արևային էլեկտրակայան կառուցել և ուզում է իմանալ, թե որքանով իր կողմից արտադրված էլեկտրաէներգիան կգնվի բաշխիչ ցանցերի կողմից, իսկ նրան պատասխանում են, որ նման սակագին գոյություն չունի, որովհետև եթե սակագին սահմանեն, այն, միևնույն է, այնքան ցածր կլինի, որ դա նրան ձեռնտու չի լինի, և նա կհրաժարվի նման կայան կառուցելու գաղափարից, այնպես որ՝ ավելի լավ է առանց սակագինը իմանալու հրաժարվի կայան կառուցելու գաղափարից:
Հարությունյանն ասում է, որ մյուս տարի հայտարարվելու է արևային էլեկտրակայան կառուցելու մրցույթ, և այն ընկերությունը, որը կներկայացնի ավելի ընդունելի գին, նրան էլ կտրվի նման կայան կառուցելու հնարավորություն: Սա նույնպես հակատնտեսագիտական է. թող ՀԾԿՀ-ն սահմանի գնման սակագին, և ով հարմար կգտնի՝ թող նա էլ կառուցի նման կայան, ի վերջո՝ կարող են լինել մի քանի ընկերություններ, որոնք կցանկանան նման կայան կառուցել: Մանավանդ որ, ըստ Հարությունյանի, իրենք ենթադրում են, որ այն գինը, որը կարող է առաջարկվել արևային կայանների կողմից, կարող է մրցունակ լինել անգամ ամենաժամանակակից ջերմակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի հետ համեմատած: Նման մրցույթի կազմակերպումը խոսում է այն մասին, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում ևս մենաշնորհ է հաստատվելու:
Այլընտրանքային էներգետիկայի զարգացման հարցում բացի էկոլոգիականից, կա նաև այլ՝ անվտանգության խնդիրը: Հայաստանը չունի արդյունահանվող էներգետիկ պաշարներ, և երկրում սպառվող գազը և նավթամթերքները ներմուծվում են և ներմուծվում են բացառապես մեկ երկրից՝ Ռուսաստանից: Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը կողմ լինել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, եթե այդ երկիրը տարեկան Հայաստանին վաճառում է մոտ 2 մլրդ խմ գազ, երբ այդ երկրին է պատկանում ռուսական գազով աշխատող Հրազդանի ՋԷԿ-ը: Եթե նավթ և գազ արդյունահանող Ղազախստանում կառուցվում և շահագործվում է 50 ՄգՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան, ապա ինչու նույնը հնարավոր չէ անել սեփական արդյունահանվող էներգառեսուրսներ չունեցող և դրանք ներմուծող Հայաստանում:
Հայաստանը միջազգային հանրությունից կարող է ակնկալել օժանդակություն վերականգնվող էներգետիկան զարգացնելու գործում, որը կարող է էապես նպաստել Հայաստանի էներգետիկ կախվածության նվազեցմանը: Պետք է հասնել նրան, որ այս ոլորտը դառնա ոչ թե որևէ անձի կամ ընկերության մենաշնորհը, այլ գործելու հնարավորություն ստեղծվի բոլոր շահագրգիռ ընկերությունների համար՝ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ փոքր հիդրոէներգետիկայի դեպքում:










































