ԱՄՆ-ը համարում է, որ Սիրիայի նախագահ Ասադը ունակ չէ երկրի քաղաքացիներին ճշմարտությունն ասելու. սա պատճառներից մեկն է, թե ինչու նա չի համապատասխանում երկրի առաջնորդի դերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ գրում է The Washington Times-ը:
Քերիի կարծիքով՝ Ասադը համաձայնություն է կնքել ԴԱԻՇ-ի հետ և երբեք չի պայքարել նրա դեմ այնպես, ինչպես պայքարում է իր ռեժիմին հակադրվող քաղաքացիների դեմ: «Այդ իմաստով երկրի ղեկավարը և ԴԱԻՇ-ը թշնամիներ չեն»,- ընդգծել է նա:
Պետքարտուղարի խոսքով՝ վերջիվերջո հակամարտող կողմերը կհամաձայնեն, որ Ասադի ռեժիմը չի կարող շարունակվել:« Դա թելադրված չի լինի ԱՄՆ-ի կողմից, կողմերն իրենք այդպիսի եզրակացության կհանգեն բանակցությունների արդյունքում, հակառակ դեպքում երկրում երբեք խաղաղություն չի հաստատվի»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ պետքարտուղարը հայտարարել էր, որ Սիրիայի առաջնորդը մագնիս է դարձել ահաբեկչական խմբավորումների համար: «Նա նավթ է վաճառում և գնում ԴԱԻՇ-ից»,- ասել է Քերին:







































