Մամուլն անդրադարձել էր, որ Գյումրիում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին իշխող կուսակցությունը միայն գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին չէ, որ կվստահի, շատ ուժեր ներգրավված կլինեն քարոզարշավն իրականացնելու համար: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով այս անդրադարձին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ոչ թե չի վստահում քաղաքապետին, այլ Գյումրիում քանի որ ընտրատեղամասերը շատ են, աշխատանքներ կազմակերպելու համար ընդգրկված են ԱԺ պատգամավորներ և նախկին քաղաքապետը: Այդ մարդիկ ցանկություն ունեն օգնելու, որ հանրաքվեն ճիշտ կազմակերպվի»:
Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բազմիցս իր հակակրանքն է հայտնել գործող քաղաքապետի նկատմամբ, ինչին անդրադարձել է նաև մամուլը: Սակայն հիմա, Ս. Ավետիսյանի խոսքով, նախկին քաղաքապետը ցանկություն է հայտնել համագործակցության. «Վ. Ղուկասյանը ՀՀԿ անդամ է: Սա համագործակցություն է հանուն «Այո»-ի: Հիմա ընդհանուր գործ ենք անում, ամեն ինչ կողքի ենք դրել, ամեն մարդ, ով ինչ հնարավորություններ ունի, գործի է դնում»:
Ս. Ավետիսյանը հույս հայտնեց, որ իրենք գյումրեցիներին կկարողանան համոզել կողմ քվեարկել՝ բացատրելով, որ սա անձի ընրություն չէ, որ սոցիալական խնդիրների և քաղաքի անբարեկարգ լինելու հետ կապված իշխանություններից դժգոհեն. «Հանրաքվեն այլ բան է, և եթե Սահմանադրությունը փոխվի, կյանքը կբարելավվի»:











































