Շենգենի փրկության համար անհրաժեշտ է ԵՄ սահմանների վերահսկողության ուժեղացում՝ հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Շենգենի փրկությունը մրցավազք է ժամանակի հետ, մենք վճռականորեն տրամադրված ենք հաղթելու այդ մրցավազքը։ Հաղթելու համար պետք է իրագործել բոլոր որոշումները, որոնք մենք արդեն ընդունել ենք Վալետտայում երեկ ու այսօր, ինչպես նաև մեր գագաթնաժողովին։ Դա ներառում է առաջին հերթին արտաքին սահմանների նկատմամբ վերահսկողության արդյունավետ վերականգնում։ Ես վստահ եմ, որ առանց մեր արտաքին սահմանների նկատմամբ արդյունավետ վերահսկողության Շենգենի կանոնները չեն գոյատևի»,- ասել է Տուսկը լրագրողներին Մալթայում՝ միգրացիայի հարցով ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովից հետո։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև համագործակցություն ծագման ու տարանցիկ երկրների հետ։










































