Մեքսիկուհի Կառլա Խասինտոն, որը ստրուկների առևտրով զբաղվողների զոհ է դարձել, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն 43 200 անգամ բռնաբարել են: Աղջիկը հանցագործների ձեռքն է ընկել դեռահաս տարիքում:
Նրա խոսքով՝ ինքը ոչ ունևոր ընտանիքում է մեծացել և հարազատների կողմից բռնության է ենթարկվել դեռևս վաղ մանկության տարիներին: 12 տարեկանում նա Մեխիկոյում ծանոթացել է 22-ամյա երիտասարդի հետ, որը նրան գրավել է լավ վերաբերմունքով ու թանկարժեք նվերներով: Որոշ ժամանակ անց նրանք միասին սկսել են ապրել Տենանսինգո քաղաքում, որը հայտնի է որպես արտասահման մարմնավաճառների արտահանման Մեքսիկայի խոշորագույն կենտրոններից մեկը:
Համատեղ կյանքի 3 ամսից հետո երկրպագուն Խասինտոյին հարկադրել է մարմնավաճառությամբ զբաղվել: 4 տարի աղջիկը ստիպված է եղել աշխատել ամեն օր առավոտյան 10-ից մինչև կեսգիշեր՝ ընդունելով օրական 30 տղամարդու: Զույգը քաղաքից քաղաք է տեղափոխվել, և իրավիճակը չի փոխվել:
Երբ Կառլան 13 տարեկան է եղել, հյուրանոցներից մեկը, որտեղ աշխատել են ինքն ու այլ մարմնավաճառներ, որոնցից շատերը հազիվ 10 տարեկան են եղել, ոստիկանություն է մտել: Խասինտոն վստահ է եղել, որ իրավապահները գնացել են իրենց ազատելու, բայց նրանք, ընդհակառակը՝ ծաղրել են աղջիկներին և տեսագրել են՝ սպառնալով տեսագրություններն ուղարկել նրանց հարազատներին:
15 տարեկանում Խասինտոն իր երկրպագուից աղջիկ է ունեցել, բայց նա երեխային օգտագործել է իրեն շանտաժ անելու համար: Մեքսիկուհին զրկված է եղել աղջկան տեսնելու հնարավորությունից, մինչև նա մեկ տարեկան է դարձել: 2008 թ. Մեխիկոյում ոստիկանների գործողության ժամանակ Խասինտոյին ազատել են սեքսուալ ստրկությունից:
Ներկայումս 23-ամյա մեքսիկուհին պայքարում է մարդկանց առևտրի դեմ՝ իր պատմությունը պատմելով կոնֆերանսներում և հրապարակային միջոցառումներում:









































