Mozilla ընկերության կողմից մշակվող Firefox OS բջջային օպերացիոն համակարգը շուկա դուրս կբերվի 2013 թվականի հունիսին: Այս մասին D:Dive Into Mobile կոնֆերանսի բացմանը հայտնել է Mozilla-ի ղեկավար Գերի Կովաչը՝ փոխանցում է All Things Digital-ը:
Firefox OS-ի դեբյուտը կկայանա 5 երկրում՝ Բրազիլիայում, Վենեսուելայում, Իսպանիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում: Մինչ տարեվերջ երկրների թիվը, որտեղ հնարավոր կլինի գնել Firefox OS-ով սարքեր, կհասնի 11-ի: Կովաչը հստակեցրել է, որ սմարթֆոնները ԱՄՆ կհասնեն միայն 2014 թվականին:
Firefox OS-ն հիմնված է Linux միջուկի վրա և նախատեսում է HTML5-ով հավելվածների կիրառում: Firefox OS-ով առաջին սմարթֆոնները կթողարկեն Alcatel, Huawei, LG և ZTE ընկերությունները: