«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ Ազգային ժողովում նույնականացման քարտերով քվեարկություն թույլ տալու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե իրենք բազմաթիվ ընտրություններ են կազմակերպել, շտաբներ են կառավարել և շատ լավ գիտեն, թե ինչպիսի հեղինակություն ունեն այն քաղաքական ուժերը, որոնց ձայներն աննախադեպ շատ են մեր երկրում, և որոնց «տոկոսը երբևէ չի նվազում»: «Եվ որևէ վայրիվերում չի ազդում այդ քաղաքական ուժերի տոկոսային հարաբերությունների վրա»,- հայտարարեց Հ. Բիշարյանը:
Հ. Բիշարյանն, իհարկե, նկատի ուներ Հանրապետական կուսակցությանը: Նա նաև առաջարկեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասերում գրանցամատյանները պետք է հսկեն ընդդիմության ներկայացուցիչները: Ընդ որում՝ այն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, որոնք «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին: Այս հարցերի շուրջ երեկ զրուցեցինք Հ. Բիշարյանի հետ:
– Տիկին Բիշարյան, ինչո՞ւ եք պնդում, որ ընդդիմության ներկայացուցիչները պետք է նստեն գրանցամատյանների մոտ:
– Գրանցամատյանները, որտեղ գրանցվում են ընտրողները, պետք է հսկվեն միայն ընդդիմության ներկայացուցիչների կողմից, որպեսզի կեղծիք թույլ չտան: Թեպետ եթե մարդը նույնականացման քարտով է քվեարկում, դժվար կլինի նրա հասցեն ֆիքսել, դժվար կլինի հասկանալ, թե ով է եկել ընտրության, որպեսզի տվյալ քաղաքացու անուն-ազգանունով միայն ինքը կարողանա ստորագրել ու քվեաթերթիկ ստանալ: Իսկ եթե գրանցամատյանի մոտ ընդդիմության ներկայացուցիչը չի լինում, լինում է իշխանության ներկայացուցիչը, ապա Պողոս Պողոսյանի անվան դիմաց կարող է նաև Պողոս Պետրոսյանը ստորագրի ու քվեարկի: Դրա համար էլ ասում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչը պիտի լինի գրանցամատյանի մոտ, որպեսզի նման խախտում թույլ չտա:
– Բայց Դուք առաջարկեցիք, որ գրանցամատյանների մոտ պետք է նստեն հատկապես այն ընդդիմադիր ուժերը, որոնք «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կամ Դաշնակցություն կուսակցությունները թեև իշխանության մեջ չեն, բայց կողմ են այդ փոփոխություններին:
– Այդ մտահոգությունն իմ կյանքի փորձից ելնելով եմ ասում: Տարանջատում եմ, քանի որ ընդդիմադիր այդ կուսակցությունները կողմ են սահմանադրական փոփոխություններին: Ճիշտ է, ԲՀԿ-ն ընդդիմություն է, բայց այս հարցում այդ ուժը կողմ է:
– Այսինքն՝ մտահոգությո՞ւն ունեք, որ «այո» ասող ուժերը անկողմնակալ չեն հետևի քվեարկության ընթացքին:
– Ես այդպիսի բան չասացի, ես պարզապես ասում եմ, որ պետք է տարանջատել «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցներին: Այլ ճամբարների ես չեմ բաժանում:
– Դուք արդեն կասկա՞ծ եք հայտնում իշխանությունների ստացած քվեների նկատմամբ, թե անսահմանափակ են ու չեն նվազում սոցիալ-տնտեսական վայրիվերումների ընթացքում:
– Այո՛, մեր երկրում լինում են վայրիվերումներ, սոցիալական, տնտեսական ճգնաժամեր, բազմաթիվ խնդիրներ: Եվ կարծում եմ, որ նման պայմաններում իշխող քաղաքական ուժի վրա դա պետք է բացասական ազդեցություն ունենա, ու նրա վարկանիշը դրանից պետք է ընկնի և ոչ թե բարձրանա: Բայց այնպես է ստացվում, որ ժողովուրդն ինչքան շատ է վատ ապրում, իշխանությանն այնքան ավելի շատ է ձայն տալիս:
– Ուրեմն ընտրությունները կեղծվո՞ւմ են:
– Ես չգիտեմ: Ես իմ մտահոգությունն եմ ասում: Հետևությունը թողնում եմ մեր ժողովրդին, քանի որ այստեղ ժողովրդի անունից շատ են խոսում:
– Կարծում եք Հայաստանում շա՞տ ճգնաժամային է սոցիալ-տնտեսական վիճակը:
– Այսօր թոշակառուները դժգոհում են, թե գոնե հազար դրամով էլ չավելացրեցին իրենց թոշակները: Ոչինչ չարեցին: Տեսեք, թե երկրի պարտքերն ինքան են դարձել, կամ պարտքերի տոկոսներն ինչքան են դարձել: Մինչդեռ միայն հուլիս ամսին Ազգային ժողովը խոշոր գումարի վարկային ծրագրեր հաստատեց: Այսքանից հետո թող ժողովուրդն ինքը որոշի՝ «այո»-ի, թե «ոչ»-ի կողմնակիցն է:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունն ընդհանրապես:
– Շատ վատ, բացասական: Պարզ չէ՞: Սա կառավարում չի: Ես ասել եմ, որ կառավարությունը նման ձևով կառավարելու պատճառով պետք է պարզապես հրաժարական տա:
– Բայց ընդդիմությունն այս կառավարությունից հրաժարական չի պահանջում, նախորդ կառավարությունից պահանջում էր:
– Գիտեք ինչ կա: Իսկ ո՞վ է նայում ընդդիմության պահանջելուն կամ չպահանջելուն: Այսօր ողջ ժողովուրդը «ոչ» է ասում: Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ես բոլորի հրաժարականն էլ պահանջում եմ:
– Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը շաբաթներ առաջ է սկսվել, բայց ինչո՞ւ նկատելի չէ «ոչ»-ի կողմնակիցների պայքարը:
– Քարոզարշավին մենք մասնակցում ենք ամենայն ակտիվությամբ: Գրեթե չկա այնպիսի օր, որ ես չլինեմ մարզերում: Մեր քարոզչական խմբերը մեր պատգամավորների հետ տարբեր մարզերում աշխատում են: Վաղը հանձնաժողովի անդամների նշանակման վերջին օրն է, և բոլոր տեղամասերում ՕԵԿ-ը նշանակել է իր ներկայացուցիչներին: Եվ գոնե ես այս ընթացքում հասցրել եմ լինել Էջմիածնում, Մեծամորում, Արմավիրում, Սպիտակում, Վանաձորում, որտեղ մեր բոլոր քաղաքացիներն ինձանից շուտ են «ոչ» ասում այս սահմանադրական փոփոխություններին: Սա է մեր ժողովրդի տրամադրվածությունը: Նրանք միանգամից տրամադրված հարցնում են, թե այդ փոփոխություններին պետք է «ոչ» ասել: Թվում է, թե նախ հացի խնդիր է պետք լուծել, բայց ես հասկացա, որ մեր ժողովուրդն այդ խնդրով հանդերձ մտածում է, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում իր կյանքում որևէ փոփոխություն չի կարող լինել: Որ իրենց սոցիալական վիճակը նույն վատ վիճակում է լինելու, անկախ այն հանգամանքից՝ նախագահական, թե խորհրդարանական կառավարում է լինելու: Հիմա կառավարման լիազորություններն ամբողջությամբ նախագահի ձեռքում են, վաղը սահմանադրական փոփոխությունների արդյունքում լիազորությունները մեկտեղվում են ապագա վարչապետի մոտ: Սուպերվարչապետական երկիր է լինելու: Սա նշանակում է, որ այդ համակարգը ժողովրդի համար չի կարող լավ լինել:




































