2014 թվականին ԵՄ բյուջետային հիմնադրամներից կատարված ծախսերի սխալի աստիճանը կազմել է 142 մլրդ եվրոյից 6.25 մլրդ եվրո՝ 4.4 տոկոս։ Այս մասին ասվում է Եվրոպական հաշվիչ պալատի պաշտոնական կայքում։
«ԵՄ բյուջեի եկամտային մասը համապատասխանել է բոլոր նորմերին, մինչդեռ ծախսերի մասը միջոցների տեղաբաշխման ժամանակ ենթարկվել է 4.4 տոկոսի մակարդակով նյութական սխալների»,- ասվում է տեքստում։ 2014-ին ԵՄ բյուջեի ծախսերի ծավալը կազմել է 142 մլրդ եվրո։
«Միջոցների սխալ ծախսման մակարդակը վերջին տարիների ընթացքում աստիճանաբար նվազում է։ 2012-ին այն կազմել է 4.6 տոկոս, 2013-ին՝ 4.5 տոկոս»,- ասել է պալատի ղեկավար Վիտոր Մանուել դա Սիլվա Կալդեյրան։
Բյուջետային գումարների տեղաբաշխման ժամանակ սխալների առավելապես հակված է Տնտեսական, սոցիալական և տարածքային համախմբման հարցերով ԵՄ ծրագիրը, որը գումար է տրամադրում եվրոպական պետությունների առավել հետամնաց տարածքների զարգացման համար։ Սխալի մակարդակն այստեղ հասել է 5.7 տոկոսի։ Երկրորդ տեղում աճի և զբաղվածության համար մրցունակության քաղաքականությունն է՝ 5.6 տոկոսի սխալի մակարդակով։










































