Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերությունները զարգանում են պլանի համաձայն։ Այդ մասին այսօր Թբիլիսիում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:
«Մենք դիտարկել ենք Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների գործնականում բոլոր ասպեկտները՝ սկսած անվտանգության թեմայից և վերջացրած վիզաների ազատականացման գործընթացով։ Բոլոր ուղղություններով ընդգծվել է զգալի առաջընթաց»,- ասել է նա։
Ուսուպաշվիլին հավելել է, որ հանդիպման ժամանակ քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Մոգերինին աշխատանքային այցով Թբիլիսի ժամանել է երեկ երեկոյան։ Վրաստանում նա հանդիպելու է նաև նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և իշխանության այլ ներկայացուցիչների հետ։











































