«ՆԱՏՕ-ն իր պաշտպանական քաղաքականության վերանայման փուլում է»,- «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» խորհրդաժողովի ընթացքում այսօր այս մասին ասաց ՆԱՏՕ-ում Գերմանիայի պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Գուիդո Հիլդները: Նա նախ նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր է, քանի որ գտնվում է աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում:
Հայաստանում անցած շաբաթ թեպետ անունով հռչակված էր ՆԱՏՕ-ի շաբաթ, այնքան էլ մեծ կարևորություն չտրվեց։ Բացման արարողությունը նշանավորվեց միայն պետական համալսարանում Կոսովոյում և Աֆխանստանում հայ խաղաղապահների գործողությունների վերաբերյալ ցուցահանդեսով: Այս առիթով իրենց մտահոգությունն այսօր հայտնեցին նաև մեր խորհրդարանի պատգամավորները, մասնավորապես պատգամավոր Թևան Պողոսյանը իր վրդովմունքը հայտնեց, որ Հայաստանում այդ միջոցառումները պատշաճ կերպով չեն կազմակերպվել, և մանավանդ մարզերում իրազեկվածություն առհասարակ չի եղել։
Սրան ի պատասխան ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանն ընդգծեց, որ իսկապես լավ կլիներ, եթե ավելի շատ ռեսուրս ծախսվեր, և Հայաստան-ՆԱՏՕ երկխոսությունն ավելի դինամիկ լիներ. «Դա հասկանում եմ, լավ կլիներ, նոր դինամիկա հաղորդել քաղաքական երկխոսությանը՝ ներառյալ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների այցեր ապահավել, ընդունում եմ, որ առայժմ չունենք փոխխահամաձայնեցված բարձր մակարդակի միջոցառում Վարշավայի գագաթնաժողովի նախօրեին: Միշտ էլ ավելի լավ կլիներ ավելի շատ ռեսուրսներ ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։
Միջոցառման կազմակերպիչ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը լավատես է՝ ՆԱՏՕ-ն իսկապես հետաքրքրված է Հայաստանով, և Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր երկիր է:
Ստեփան Գրիգորյանը համակարծիք է, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի ձգձգումը մեծ խնդիր է և հիասթափեցնում է բոլոր այն երկրներին, որոնք ընտրելով անվտանգության այլ համակարգ, մանևրելու ճանապահներ են փնտրում։
Քաղաքագետ Իգոր Մուրադյանը նշում է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ընդամենը ֆորմալ բնույթ ունեն. «Ոչ մի նոր զարգացում չկա, ամեն ինչ սկսվում և ավարտվում է ընդամենը նմանատիպ ֆորմուլներով, տեսական քայլ առաջ չկա։ Վրաստանը քայլ առաջ կատարել է ՝ սպասում է համապատասխան մոտեցման, իսկ մենք դեգրադացվել ենք, մնացել ԵՏՄ-ի փլատակների տակ, մենք տնտեսապես, քաղաքականապես, ռազմականապես կախված ենք Ռուսաստանից»:







































