Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահը մտադիր չէ հեռանալ իր նստավայրից։ Այդ մասին հայտարարել է նախագահի իրավական հարցերով խորհրդական Կախա Կոշորիձեն՝ մեկնաբանելով էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, որ իշխանությունները պետք է շուտափույթ լուծեն Թբիլիսիի Անտոնելի փողոցում գտնվող նոր նստավայրի ճակատագիրը։
«Այդ հարցի հասցեատերը ո՛չ նախագահն է, ո՛չ էլ նախագահի աշխատակազմը։ Մենք մոտ մեկուկես տարի առաջ պաշտոնապես գրավոր պատասխան ենք տվել, որ նախագահը չի պատրաստվում որևէ տեղ գնալ, և որ այդ դիրքորոշումը չի փոխվել։ Այդ հարցի հասցեատերը կառավարության անդամներն են, որոնք պետք է լուծեն Անտոնելիի նստավայրի ճակատագիրը»,- ասել է Կոշորիձեն։
Վրաստանի նախագահի գործող նստավայրը գտնվում է Հավլաբարում, այն կառուցել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Սկզբնական շրջանում Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվելու է Հավլաբարի նստավայրից, և որ նախագահական նոր նստավայրը գտնվելու է Անտոնելիի փողոցի վրա, սակայն ավելի ուշ որոշել է մնալ Հավլաբարի նստավայրում։








































