ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հայց է ներկայացրել արժեթղթերի առևտրով զբաղվողի դեմ, որը կեղծ թվիթների միջոցով արժեզրկել է 2 ընկերությունների բաժնետոմսերը: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Թրեյդեր Ալան Քրեյգը սոցցանցում ստեղծել է Muddy Waters Research և Citron Research խոշոր վերլուծական գործակալությունների կեղծ էջեր և նրանց անունից կեղծ տեղեկություններ է հրապարակել Audience և Sarepta Therapeutics ընկերությունների մասին, այդ թվում՝ այն մասին, որ նրանց դեմ հետաքննություններ են սկսվել: Որպես հետևանք՝ այդ ընկերությունների բաժնետոմսերի արժեքներն ընկել են, և ներդրողները շուկայում զգալի ֆինանսական կորուստներ են կրել, միաժամանակ, խարդախին չի հաջողվել վաստակել այդ արժեթղթերի գնման և վաճառքի հաշվին:












































