ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցայի և առաջին քարտուղար Ուան Շուզենի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, Արմեն Հայրապետյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և դեսպանատան առևտրատնտեսական հարցերով գրասենյակի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, և որ կան հետագայում այն նոր ուղղություններով զարգացնելու բոլոր նախադրյալները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծառայության նոր ծրագրերն ու հատկապես լաբորատոր կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը: Ուան Շիցայը տեխնիկական աջակցության պատրաստակամություն է հայտնել, ինչպես նաև առաջարկել է համատեղ ուսուցման ծրագրեր իրականացնել: Քննարկվել են նաև արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել ալկոհոլային խմիչքների արտահանման գործընթացի կազմակերպմանը` հաշվի առնելով, որ ալկոհոլային խմիչքների վերահսկման լիազորությունը վերջերս տրվել է ծառայությանը:
Փաստելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ներուժը բավականին մեծ է, այդ թվում և սննդամթերքի ոլորտում, կողմերը համագործակցությունը հետագայում շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել: