ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, այսօր ԱԺ-ում հարց հղելով Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, նախ նշեց, որ նկատել է՝ ՀՀ-ից դուրս ուղեգրված հիվանդների ճանապարհային ծախսի և բուժման հատկացումները հիմնականում ԱՊՀ երկրների հետ է կապված: «Արդյո՞ք քաղաքական խնդիր է, որ ընտրությունը կանգ է առնում ԱՊՀ երկրների վրա, քանի որ, ըստ նրա, առողջապահությունը որակի խնդիր է և անկոլոգիական հիվանդներն առնվազն կնախընտրեն գնալ Գերմանիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ: Արդյո՞ք պատրաստվում եք քաղաքական կոմպոնենտը հանել, քանի որ խոսքը որակի մասին է»,-հարցրեց նա:
Արմեն Մուրադյանն, արձագանքելով Թևան Պողոսյանի հարցին, ընդգծեց, որ բացարձակապես քաղաքական կոմպոնենտ չկա: Նա վստահեցրեց, որ հարցը միայն այն է, թե ինչ քանակի հիվանդների բուժումը չեն կարող այստեղ իրականացնել: «Տեսնում ենք հնարավորությունը և քանակը, և ըստ այդմ էլ բաշխում են ԱՊՀ երկրների վրա»,- ասաց նա: Բացի այդ, նախարարը հավելեց, որ այնպես չէ, որ այս երկրներում որակը վատն է:




































