Սաքո և Հռիփսիկ Հակոբյանները Գլենդելի եկեղեցում կանգնած սպասում են Աստվածաշնչի ուսուցման դասի մեկնարկին: Տասը տարի առաջ նրանք իրենց չէին համարում եկեղեցու ակտիվ այցելուներ: Սակայն 2008 թվականին իրենց դուստր Իվետի սպանվելուց հետո Հռիփսիկ Հակոբյանը սկսեց հաճախել իրենց տան դիմացի հայկական համեստ՝ Սուրբ Պետրոսի եկեղեցին, որտեղ իր դուստրը պարբերաբար գնում էր մոմ վառելու՝ հայտնում է Los Angeles Times-ը։ Մեկ տարի հետո Հակոբյանները այնտեղ առաջին «մատաղն» արեցին, որը դրսևորվեց ոչ թե կենդանու զոհաբերությամբ, այլ աղքատներին սննդի բաժանման համար գումար տրամադրելով։
Մատաղի պրակտիկան իր վրա ուշադրություն հրավիրեց այս շաբաթ ավելի վաղ, երբ մի ընտանիք գառ զոհաբերեց ողբերգական դեպքից օրեր առաջ։ Նրանց 20-ամյա որդի Ռիչարդ Փանանյանը զոհվել էր ավտովթարից՝ ավտոմեքենայի պատուհանից դուրս թռչելու և ավտոմայրուղու ճանապարհային վահանակին դիպչելու հետևանքով: Մատաղը դեպքից առաջ մատուցվել էր Փանանյանի առողջական խնդիրներից ազատվելու առիթով։
Համաձայն եկեղեցու ուսմունքի` հայկական եկեղեցում մատաղը Աստծուն իրենց երախտագիտությունը ցույց տալու նշան է՝ դժբախտությունից փրկելու, առողջություն պարգևելու կամ մահացած սիրելիների հոգու խաղաղության համար:
Եկեղեցու հայր Վազգեն Մովսիսյանը ասել է, որ «մատաղը պաշտպանության կախարդական բանաձև չէ, մենք պաշտպանություն չենք վաճառում: Դա մեզ հետ է տանում միջնադար»։








































