«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
– Պարոն Բաղդասարյան, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող 6 ընկերություններում կատարված ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարին հայտարարել էր, թե «տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործությանե անվան տակ քողարկելու մասինե: Ս. Սարգսյանի օրինակով Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ վիրավորական ելույթներ ունեցան Գ. Ծառուկյանի մասին: Գ. Խաչատրյանից հետո ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել նրանից ու նրան նորից քաղաքական դաշտ վերադարձնել:
– Հետաքրքիր հարցադրում եք կատարում: Նախ՝ ես չգիտեմ, թե Գ. Խաչատրյանն ինչ հայտարարություն է արել: Եթե եղել են որոշակի կամ մասնակի խախտումներ, կիմանանք նրանց արձանագրություններից: Եթե խախտումները փոքր լինեն կամ մեծ չափերի լինեն, միևնույն է, բոլորը պետք է վերականգնվեն: Պարզապես մեր կողմից մտահոգություն է եղել:
Հիմա դուք հարցնում եք, թե պատրա՞ստ եք ներողություն խնդրել, բայց այսքան ելույթները, ամբարտավան, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները, զրպարտությունները, որ անում են մեր հասցեին, մենք որևէ մեկից ներողություն պահանջե՞լ ենք: Իսկ Գ. Ծառուկյանի մասին ասվածը քաղաքական հայտարարություն էր, որ բոլորը պետք է հավասար լինեն, և բոլորի դաշտում պետք է ստուգումներ կատարվեն:
Ինչ վերաբերում է փոխադարձ հայտարարություններին, ապա եթե դուք դա վիրավորանք եք համարում, բա մեզ ուղղված վիրավորանքներն էլ այնքան անծայրածիր են եղել, որ պարզապես ժպիտով կամ հեգնանքով ենք դրանց վերաբերվել: Մեր կողմից պարզապես հայտարարություն է եղել, հայտարարության հետքերով երկար ժամանակ ստուգումներ են անցկացվել: Կտեսնենք՝ կարող է ստուգող մարմնի համար փոքրիկ խախտումներ են կատարվել, բայց մեզ համար լուրջ խախտումներ լինեն, ամեն դեպքում ինչ կատարվել է տվյալ կազմակերպություններում, պետք է համապատասխան փոխհատուցումներ լինեն: Մենք մեծ կամ փոքր խախտումների մասին չենք խոսել:
– Ս. Սարգսյանն իր այդ հայտարարությունից մի քանի ամիս հետո Գ. Ծառուկյանի հետ միասին ինչ-որ միջոցառման էր մասնակցում: Դա արդեն նշանակում է, որ ԲՀԿ նախկին ղեկավարը այլևս չարիք չէ՞ Ս. Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար:
– Դուք մոռանում եք, թե չարիք որակումն ինչին էր վերաբերում: Դա քաղաքական դաշտին էր վերաբերում, իսկ Գ. Ծառուկյանի գործունեության մեջ մենք միշտ բարձր ենք գնահատել սպորտի, բարեգործության բնագավառում նրա գործունեությունը: Ս. Սարգսյանն ինչպես կարող էր չմասնակցել Գ. Ծառուկյանի սպորտային միջոցառումներին, սպորտային մեծ կառույցների բացմանը, որի համար Միջազգային օլիմպիական կոմիտեն է իր ողջույնի խոսքն ասում: Դա չկամություն կլինի, եթե իր դրական տպավորությունները և կարծիքը չարտահայտի: Մարդը աշխատանք է կատարել, բայց լավ է, որ ամեն մարդ վերջում հասկանում է, որ իր գործով պետք է զբաղվի: Եթե այս երկրում բոլորն իրենց գործերով զբաղվեն, կարծում եմ, մեր խնդիրները կքչանան: Կոշկակարը պիտի կոշիկ կարի, թեկուզ ծակ, բայց պետք է կոշիկ կարի:
– Գ. Խաչատրյանի հայտարարությունից հետո, եթե Գ. Ծառուկյանն իրեն մաքրված զգա, նա արդեն կարո՞ղ է վերադառնալ քաղաքականություն, հատկապես, որ շարունակում է մնալ պատգամավոր, անգամ՝ ԲՀԿ անդամ:
– Ինձ թվում է, որ Գ. Ծառուկյանն ինքը պիտի գնահատի, թե քաղաքական դաշտում անելիք ունի, թե չունի: Ես չեմ ցանկանա նրա փոխարեն պատասխանել:
– Այդ դեպքում Ս. Սարգսյանի կամ Հանրապետական կուսակցության համար նորի՞ց չարիք կդառնա:
– Մենք պետք է նախ իմանանք, թե քաղաքականության մեջ ինչպիսին է նրա որդեգրած քաղաքականությունը: Համենայնդեպս, ինձ թվում է, որ Գ. Ծառուկյանն իր գործով շատ լավ է զբաղվում և ճիշտ տեղում է: Ու չեմ ցանկանում նման ենթադրություններ անել, թե նա նորից կվերադառնա քաղաքական դաշտ:
– Ս. Սարգսյանը խնդիր ուներ քաղաքական գործիչ Գ. Ծառուկյանի հետ, ու նրա ազդեցությունն այնքան մեծ եղավ, որ վերջինս դուրս եկավ քաղաքականությունից: Փաստորեն, Գ. Ծառուկյանը Ս. Սարգսյանի կամ ՀՀԿ-ի թույլտվությա՞մբ պետք է քաղաքականությամբ զբաղվի կամ չզբաղվի:
– Այդ հարցի պատասխանը պետք է Գ. Ծառուկյանը տա: Եվ ես միշտ ասել եմ, որ գործարարությունը պետք է տարանջատվի քաղաքականությունից, ու այդ կարծիքը մնալու է մինչև վերջ: Թեև հիմա դուք կարող եք նույն օրինակը բերել նաև Հանրապետական կուսակցության վերաբերյալ:
– Այո, ձեր կուսակցությունում էլ կան բազմաթիվ գործարարներ, ովքեր խորհրդարանական խմբակցության անդամ են կամ գործադիրում պաշտոններ են զբաղեցնում:
– Ինչ կապ ունի: Այո, կան, բայց ես այդ կարծիքին եմ:
– Այդ դեպքում ճիշտ չէ՞ր լինի, որ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը հենց ձեր կուսակցությունից սկսեիք:
– Դրա մասին մենք ավելի ուշ կխոսենք:
– Ե՞րբ կխոսեք: Ըստ երևույթին խորհրդարանական հաջորդ ընտրությունների համար ձեր կուսակցության համամասնական ցուցակները կազմելու ժամանա՞կ կխոսեք:
– Կխոսենք ավելի ուշ:
Լուսանկարը՝ Photolure-ի




































