Գերմանիայում կմնան երկիր ժամանած փախստականների մոտ 40 տոկոսը, նոյեմբերի 5-ին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերը Բեռլինում ելույթի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
Միաժամանակ նա նշել է, որ փախստականները չեն կարող լրացնել երկրում որակյալ աշխատուժի պակասը: Աշխատանք փնտրելիս խոչընդոտ կհանդիսանան գերմաներենի անբավարար իմացությունը և կրթության ու որակավորման սերտիֆիկատների ճանաչման խնդիրները, նշել է Մեզերը:
«Միգրանտների հոսքը մեզ անհրաժեշտ է տնտեսության և սոցիալական համակարգի աջակցման համար»,- իր հերթին հայտարարել է աշխատանքի գծով դաշնային գործակալության ղեկավար Ֆրանկ Յուրգեն Վայզեն: Նրա խոսքով` փախստականների 70 տոկոսը աշխատունակ տարիքի մարդիկ են: Նա նաև գուշակել է, որ նրանց միայն 10 տոկոսը 5 տարի հետո կկարողանան աշխատանք գտնել, իսկ 50 տոկոսը` 10 տարի հետո:
Նրա գնահատմամբ` հաջորդ տարում ինտեգրացիոն դասընթացների ունկնդիրներ կդառնան 400 հազար օտարերկրացի, ինչը 2 անգամ ավելի է 2015 թվականից:








































