Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հետ է կանչել Boeing 737 (Classic և NG) ինքնաթիռների երկու մոդիֆիկացիաների թռիչքների հավաստագրերը, որոնք շահագործում են ռուսական ավիափոխադրողները: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ռոսավիացիայում գործակալությանը հայտնել են, որ Boeing 737 ինքնաթիռների հավաստագրերը հետ կանչելու մասին ծանուցումը ստացվել է էլեկտրոնային փոստով: Ռոսավիացիայի ներկայացուցիչը նշել է նաև, որ գերատեսչությունը ծանուցման օրիգինալ օրինակը չունի:
«Այնուամենայնիվ, մենք անհրաժեշտություն ենք տեսնում օպերատիվ կերպով արձագանքել դրությանը, այդ պատճառով էլ վաղը ռոսավիացիայում խորհրդակցություն տեղի կունենա` Boeing 737-ը շահագործող ավիաընկերությունների, ՄԱԿ-ի նախագահ Տատյանա Անոդինայի և ՄԱԿ-ի ավիացիոն ռեգիստրի նախագահ Վլադիմիր Բեսպալովի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:









































