Խորհրդարանում ՌԴ Պետդումայի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի «կատակը» Հայաստանում արժանացավ բավական բուռն եւ զանազան գնահատականների:
Ինչպես հայտնի է, Զուրաբյանը Մատվիենկոյին հորդորել է, որ Ռուսաստանը հորդորի Հայաստանի իշխանությանը ձեռնպահ մնալ Սահմանադրության փոփոխությունից, որին ՀԱԿ-ը դեմ է հանդես գալիս: Մատվիենկոն էլ պատասխանել էր, որ դա Հայաստանի ներքին գործն է, եւ պետք է որոշի հայ ժողովուրդը: Լեւոն Զուրաբյանը հետո մամուլին պարզաբանել էր, որ ինքը կատակով է դիմել Մատվիենկոյին: Ներկա պատգամավորներից Թեւան Պողոսյանը մամուլում հայտնել էր, որ Զուրաբյանը, տեսնելով թե՛ ներկաների, թե՛ անգամ Մատվիենկոյի տարակուսած դեմքը իր հորդորի կապակցությամբ, հետո էր ավելացրել, թե կատակել է: ՀԱԿ-ի ղեկավարը հետո նաեւ հայտարարել էր, որ ինքն ուզում էր Մատվիենկոյից ստանալ այդ պատասխանը, որով պարզ է դառնում, որ Ռուսաստանը չի աջակցում Սերժ Սարգսյանի սահմանադրական նախաձեռնությանը:
Զուտ այն հանգամանքի մասին, թե ինչ է նշանակում կամ ինչ տպավորություն է թողնում սեփական երկրի ներքին գործի կապակցությամբ երրորդ պետության բարձրաստիճան պաշտոնյային դիմելը, այս օրերին շատ ասվեց, խոսվեց, ու եւս մեկ գնահատականի կարիք թերեւս չկա: Հետաքրքիր դիտարկման է արժանի Սահմանադրության փոփոխության հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի հանգամանքը:
Իհարկե, զուտ երեւույթի կամ սպասումի տեսանկյունից, իրավիճակը կրկին հանգում է գնահատականին, որովհետեւ ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Հայաստանի որեւէ ներքին գործի, եթե որեւէ կերպ իրավասու չէ առնչվել դրան: Սակայն գալով «ռեալ պոլիտիկի» հանգամանքին, բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանի վերաբերմունքը նշանակություն ունի, եթե ոչ վճռորոշ, ապա զգալի: Իսկ ՀԱԿ-ը տվյալ դեպքում գտնվել է կամ մնացել «ռեալ պոլիտիկի» շրջանակում՝ առանց ավելորդ ձեւականությունների: Այն շրջանակում, որում ՀԱԿ-ը աջակցեց Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը:
Վերջին հաշվով, այդ տեսանկյունից Հայ ազգային կոնգրեսը եղել է երեւի թե ամենաազնիվ դիրքորոշման մեջ՝ չթաքցնելով, որ հանդես է գալիս այդ անդամակցության օգտին եւ դա համարում է «անշրջելի»: Ավելին՝ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն բնորոշ հռետորաբանության արվեստի շնորհիվ տասնապատիկ ավելի պերճախոս եւ «համոզիչ» է փաստարկել ԵՏՄ-ին անդամակցության անհրաժեշտությունը կամ անշրջելիությունը, քան այդ որոշումը կայացրած Սերժ Սարգսյանը կամ որեւէ այլ իշխանական կամ մերձիշխանական ուժ:
Այդ «ռեալ պոլիտիկի» ռեժիմի մեջ էլ ՀԱԿ-ը, փաստորեն, անում է հաջորդ քայլը, այսինքն՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում իր դիրքորոշման դիմաց Ռուսաստանի Դաշնությունից պահանջում է Հայաստանի իշխանության հարցում համապատասխան դիրքորոշում: Այսինքն՝ «ռեալ պոլիտիկի» տրամաբանության շրջանակում հենց այդ նկատառումով էլ Հայաստանի ինքնիշխանությունը հանձնվել է ԵՏՄ-Ռուսաստանին, որպեսզի հարցերն այլեւս որոշվեն այնտեղ, ոչ թե Հայաստանում: Երեւի այն նկատառումով, որ Հայաստանի իշխանությունը այստեղ կայացվող որոշումները՝ ընտրությունների տեսքով, հանգիստ կեղծում է, իսկ ահա եթե Կրեմլը որոշի մի բան, իշխանությունը չի համարձակվի կամ չի կարող այն կեղծել: Ըստ այդմ էլ՝ ՀԱԿ-ն աջակցել է ԵՏՄ-ի գործընթացին կամ պարզապես Հայաստանի հարցով որոշումներ կայացնելու մեխանիզմը Ռուսաստանի ձեռքը հանձնելուն: Եվ հիմա, ՀԱԿ-ը պարզապես հարցնում է Ռուսաստանին՝ «այդ մեխանիզմը ձեռքդ ենք տվել, որ ի՞նչ անես»:
Այսինքն՝ չկա որեւէ արտառոց բան, եւ ՀԱԿ-ը պարզապես բացահայտորեն ասել է կամ արել այն, ինչ անում է Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը, բայց ոչ հրապարակավ: Այստեղ այլ հարց է, որ հենց այդ կետում «ռեալ պոլիտիկը» գուցե ավարտվում է, եւ իրատեսական չէ սպասել, որ Մոսկվան ներկայումս Հայաստանի իշխանության հանդեպ կանի որեւէ ռադիկալ գործողություն: Հետագայում կանի, թե ոչ՝ ընդհանրապես այլ հարց է, բայց ներկայումս անելու որեւէ պատճառ չունի, հակառակ դեպքում Մոսկվան թույլ չէր տա փետրվարին ցրել ոչ իշխանական բեւեռը՝ լավ իմանալով, որ հաջորդ քայլով Սերժ Սարգսյանը արդեն ակտիվ օրակարգ է բերելու սահմանադրական փոփոխությունների հարցը:
Մոսկվան ներկայումս Հայաստանով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չունի, քանի որ թաղված է առավել լուրջ խնդիրների ու մարտահրավերների մեջ: Իսկ Սերժ Սարգսյանն էլ, մեծ հաշվով, չի անում որեւէ քայլ, որը կստիպի Կրեմլին ձեռնարկել արտահերթ ինչ-որ գործողություն: Կրեմլը չունի դրա ոչ միայն ժամանակը, այլ նաեւ պատճառը, քանի որ պատճառ ունենալու դեպքում ժամանակ եւ ռեսուրս, իհարկե, կգտներ: Իսկ առայժմ, Հայաստանի հարցում Մոսկվան հանգիստ է եւ համենայնդեպս Հայաստանի զբաղվածությունն ապահովելու համար թույլատրել է նույնիսկ սկսել նոր բանակցություն Եվրամիության հետ՝ միգուցե կարծելով, որ «պարապ» մնալու դեպքում պաշտոնական Երեւանը կարող է ինչ-որ բան այնպես չանել:
Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, ապա Ռուսաստանի համար դա, իհարկե, աննշան դետալ է, որը բացարձակապես չի կանխորոշում հայ-ռուսական հարաբերության եւ ոչ մի դրվագ: Դժբախտաբար, ինչպես Հայաստանի ներքին քաղաքականության հարցում Հայաստանի իշխող համակարգին որեւէ կերպ չի կաշկանդել Սահմանադրության որեւէ դրույթ, այդպես էլ Սահմանադրության որեւէ դրույթ չի կաշկանդում Ռուսաստանին Հայաստանի հանդեպ քաղաքականության հարցում: Մոսկվայի համար դա հարց չէ:
Լուսանկարը` PAN Photo-ի









































