Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում հրետանի է տեղակայել։ Խոսքը, մասնավորապես, Համա և Հոմս նահանգների մասին է՝ փոխանցում է BBC-ն։
«Ռուսաստանը որոշում է ընդունել տեղակայելու ցամաքային հրետանի, ինչը կտանի Համա և Հոմս նահանգներում իրավիճակի վատթարացման»,- ասել է Նուլանդը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների օբյեկտներին։
Նուլանդը Ռուսաստանին կոչ է արել համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Նրա կարծիքով՝ Մոսկվան պետք է նպաստի Սիրիայում հրադադարի հաստատմանն ու երկրում իշխանության խաղաղ փոխանցմանը։ Պետքարտուղարի օգնականը պարզաբանել է, որ դրա համար ռուսական ավիացիան պետք է հրաժարվի սիրիացի ապստամբների դիրքերին ուղղված ռմբակոծություններից։ Նրա տվյալներով՝ Սիրիայում ռուսական ավիացիայի կողմից իրականացվող բոլոր ավիահարվածների 80-90 տոկոսը բաժին է ընկնում սիրիական ընդդիմության դիրքերին։






































