Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը Թեհրան այցի ընթացքում դեմ է արտահայտվել անցումային շրջանի մասին գաղափարին որպես ճգնաժամի լուծման ուղի՝ հստակեցնելով, որ խոսքը կարող է լինել միայն ազգային երկխոսության և կառավարության ընդլայնման մասին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ անցումային շրջանի մասին առաջարկով հանդես էին եկել ԱՄՆ-ն և նրանց գործընկերները։ Դրա շրջանակում Սիրիայում իշխանությունը պետք է անցնի Ասադից նոր կառավարությանը։
«Ոչ մի անցումային շրջան Սիրիայում գոյություն չունի, այն կա միայն նրանց մտքում, ովքեր ապրում են իրականությունից դուրս։ Մենք խոսում ենք ազգաին երկխոսության, ընդլայնված կառավարության և սահմանադրության վրա աշխատանքի մասին, ոչ մի անցումային շրջանի մասին խոսք չի գնում»,- Միկդադի խոսքերն է մեջբերում «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Դիվանագետը հավելել է, որ կառավարության և ընդդիմության միջև ուղիղ երկխոսության վերաբերյալ առայժմ ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել։









































