Այսօր «Մտավոր սեփականության համաշխարհային օրվան» նվիրված կլոր սեղան քննարկմանը ներկա գտնվող «Հայ հեղինակ» ՀԿ տնօրեն Սուսաննա Ներսիսյանը ահազանգեց, որ Հայաստանում հեղինակային իրավունքի խախտումը տարածված է, ինչն ազդում է ոչ միայն երկրի տնտեսական, այլ նաև միջազգային կարգավիճակի վրա: Ներսիսյանի խոսքերով, շուկայում բազում են անօրինական կրիչները՝ խտասկավառակներ, տեսասկավառակներ։ «Մի կողմից դա հեղինակներին օգնում է տարածել իրենց ստեղծագործությունները,մյուս կողմից անօրինակ կրիչները տարածվում են ամբողջ երկրով, դրանով ավելի է բարդանում հեղինակի իրավունքները պաշտպանելը»,- նշեց Ներսիսյանը:
Սուսաննա Ներսիսյանը արձանագրեց, որ Հայաստանում 90 տոկոսով խախտվում են հեղինակային իրավունքները, և հատկապես լայն տարածում ունի գրագողությունը: Միաժամանակ կարծիք հայտնեց, որ, օրենքից զատ, հեղինակներն իրենք պետք է պաշտպանեն իրենց իրավունքը:










































